«Հրապարակ». Ինչու են սեպտեմբերի բյուջեն փոխանցել, ապա՝ սառեցրել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի իշխանությունների և Արցախի վտարանդի իշխանությունների միջև խուլ հակամարտությունը կարող է պայթյունի հանգեցնել՝ աշխատավարձերի չվճարման հողի վրա: Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի անցկացրած խորհրդակցության մասին մեր հրապարակումներից հետո Փաշինյանը որոշել է պատժել արցախցիներին և չվճարել պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը, չնայած որոշված էր, որ մինչև հունվարի 1-ը ստանալու են։
Արդեն մի քանի օր է` իշխանական ԶԼՄ-ները և ֆեյքերն արշավ են սկսել Արցախի իշխանությունների դեմ, թե նրանք թալանել են բյուջեն, փող չկա, այդ պատճառով արցախցիներն աշխատավարձ չեն ստանում։ Այս գրոհն այնքան հուժկու էր, որ երեկ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց, թե Արցախի պետբյուջեում դեռ կա շուրջ 3,1 միլիարդ դրամի մնացորդ, որը սառեցված է: Սառեցրել է ՀՀ կառավարությունը։
Շտաբից մանրակրկիտ հաշվետվություն ներկայացրին վերջին ռազմական գործողություններից հետո բյուջեից կատարված շուրջ 463 միլիոն դրամ ծախսի վերաբերյալ։ Իսկ ԱՀ պաշտոնատար անձինք հրապարակային հայտարարել են, որ կառավարությունը թեպետ ԱՀ բյուջեն հաստատում է, սակայն փոխանցումները կատարվում են ամսական կտրվածքով։
Ստացվում է՝ սեպտեմբերի բյուջեն փոխանցել են, ապա՝ սառեցրել: Իսկ ԱՀ կառավարության մեր աղբյուրի հաշվարկով` աշխատավարձի ամսական ֆոնդը 4-4.1 մլրդ դրամ է կազմում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում