Դատավորն այնպիսի հիմնավորմամբ մերժեց մեր միջնորդությունը, որ գործնականում նման բան չեմ լսել. Լևոն Քոչարյանի պաշտպան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության ժամանակ պաշտպանական կողմը դատավոր Մասիս Մելքոնյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, սակայն այն մերժվել է։ Ասուլիսում Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար հիմքն այն էր, որ նա մինչ դատավոր դառնալը եղել է քաղաքական դերակատար, ունեցել է հստակ բացասական դիրքորոշում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ։
«Նման պայմաններում պարզապես երրորդ անձի մոտ դատարանը չի կարող ընկալվել որպես օբյեկտիվ և անկողմնակալ դատարան։ Տվյալ պարագայում այն, ինչ մենք դատական նիստի ժամանակ հրապարակեցինք, մասնավորապես նրա կողմից կատարած հրապարակումները, ողջամտորեն երրորդ անձի մոտ կարող է ստեղծել տպավորություն, որ տվյալ դատավորը կարող է ունենալ բացասական վերաբերմունք նաև Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի նկատմամբ։
Ներկայացրեցինք միջնորդություն, որը մերժվեց։ Զավեշտալի ու հետաքրքիր իրավիճակ է. մերժման հիմքը կայանում էր հետևյալում՝ դատավորն, ըստ էության, չհերքեց, չժխտեց, որ նման գործունեությամբ է զբաղվել, եղել է քաղաքական հակառակորդ պարոն Քոչարյանի առումով և նման հրապարակումներ արել է, բայց նշեց, որ Քոչարյանի նկատմամբ ունի մեծ հարգանք և այն բանից հետո, երբ երդվել է դատավոր դառնալուց առաջ հավատարիմ լինել Սահմանադրությանը, օրենքներին, նշանակում է, որ կարող է օբյեկտիվ քննել այս միջնորդությունը։ Մեծ հաշվով նրա ասածը հետևյալն է՝ մերժում եմ ձեր միջնորդությունը, որովհետև երդվել եմ, պետք է լինեմ անաչառ դատավոր։ Չեմ կարող բնութագրել սա ինչ հիմնավորում է, որովհետև գործնականում նման հիմնավորում ես չեմ լսել»,- ասաց փաստաբանը։
Միջնորդության քննության ժամանակ, Է.Ալեքսանյանի խոսքով, մոտ 9-10 ժամ առարկություններ, փաստարկներ են ներկայացրել, քննիչը հակափաստարկ չի ներկայացրել, քանի որ օբյեկտիվորեն ներկայացնելու հնարավորություն չի ունեցել, և կես ժամ հետո հրապարակվել է որոշումը՝ կալանավորելով Լ.Քոչարյանին մեկ ամսով։
Նա նաև հայտնեց, որ երեկ առերես հարցաքննություններ են տեղի ունեցել Լևոն Քոչարյանի և երկու կարմիր բերետավոր տուժողների հետ։
«Չեմ կարող նախաքննության գաղտնիքից ելնելով ասել՝ ինչ են հայտնել, բայց եթե ըստ վարույթն իրականացնող մարմնի ընկալման ի սկզբանե նրանց կողմից հայտնած տեղեկությունները կրել էին մեղադրական բնույթ, այս առերես-հարցաքննությունների ժամանակ պատկերը լիովին փոխվեց»,- ասաց Է. Ալեքսանյանը։
Նա նշեց, որ Լևոն Քոչարյանին պահում են կալանքի տակ նպատակային՝ որպես պատիժ և այս կալանքն իսկապես չի ծառայում իր՝ օրենքով սահմանված նպատակին՝ արդարադատության շահը պահելու, այլ նպատակ է հետապնդնում Լևոն Քոչարյանին պատժելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գործ ունենք ոչ թե քրեական վարույթի, այլ բացառիկ զավեշտի հետ. Լևոն Քոչարյանի պաշտպան
- Լևոն Քոչարյանի փաստաբան Ալեքսանյանը հոկտեմբերի 12-ին ասուլիս կտա
- Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը մակագրվել է Մհեր Արղամանյանին․ փաստաբան
- Լևոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել
- Թշնամու կողմից զինծառայող Արման Քոչարյանին սպանելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
- Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք
- Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց