«Արցախ կարպետ»-ը վաճառում է Ստեփանակերտի գորգագործարանից փրկված վերջին գորգը
«Արցախ կարպետ»-ը վաճառքի է հանել Ստեփանակերտի գորգագործարանից փրկված վերջին գորգը՝ տեղահանվածներին օգնելու համար։
«Վաճառվում է Արցախյան ավանդական ձեռագործ գորգ՝ «Թագ գորգ» ` Արցախից տեղահանված շուրջ 30 ընտանիքների օգնություն տրամադրելու նպատակով։
Այս գորգը Artsakhcarpet ընկերության գորգն է։ Մի քանի օր առաջ Ստեփանակերտից իր ընտանիքի հետ Երևան տեղահանված երիտասարդն իր նախաձեռնությամբ «Արցախ կարպետ» ընկերության Ստեփանակերտի գորգագործարանից փրկել է այս գորգը և հասցրել Երևան։ Այն այսօր բերել է ընկերության Երևանի խանութ։
«Արցախ կարպետ» ընկերությունը խորհրդանշական գնով գնել է այն և այժմ ցանկանում ենք վաճառել, հասույթը տրամադրել տեղահանված ընտանիքների առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար։
Վաճառքի նախնական գինը 1,000 000 դրամ է։
Գորգը կարող եք ձեռք բերել ընկերության խանութ֊ սրահից` Ք. Երևան, Տաշիր առևտրի կենտրոն, 4- րդ հարկ, հեռ. +374 44 96 00 90 , 098207585։
Հ. գ. Անհրաժեշտության դեպքում գնորդին կտրամադրվի այն ընտանիքների ցանկն ու տվյալները, որոնց կուղղվի տվյալ աջակցությունը»,- նշում են «Արցախ կարպետ» ընկերությունից։
Panorama.am-ի հետ զրույցում «Արցախ կարպետ» ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանն ասաց, որ հետաքրքրվողներ եղել են, բայց դեռ գնորդ չկա։
«Միակ գորգն է, որ Արցախից տեղահանված մի ընտանիք բերել է իր հետ, ու մենք մեր գորգը սիմվոլիկ գնով գնեցինք։ Վաճառում ենք շուկայական գնով՝ խոստանալով ապահովել 30-40 տեղահանված ընտանիքի առաջին անհրաժեշտության իրերով»,- նշեց նա։
Ս.Խաչատրյանի խոսքով, ընկերության աշխատակիցներն այս ընթացքում կամավորական աշխատանքներով են զբաղված, արդեն հարյուրավոր տեղահանված ընտանիքների օգնության փաթեթներ են հասցրել։ Մոտ 500 ընտանիք գրանցված է իրենց մոտ, սպասում է աջակցության իր հերթին։
Նա ասաց, որ «Արցախ կարպետ» գործարանն աշխատել է 10 տարի, 9 տարի Երևանում խանութ ունի և հիմնական արտադրանքը տեղափոխվել է այստեղ՝ վաճառքի համար։
«Ամեն ամիս մեր արտադրանքը բերվում էր այստեղ, միայն շրջափակման շրջանում հնարավոր չի եղել բերել ու այդ ընթացքում ստեղծված արտադրանքը մնացել է Արցախում։ Այնտեղ է մնացել մեր գործարանն իր արտադրական բոլոր հնարավորություններով»,- նշեց Ս. Խաչատրյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանում բացել «Արցախ կարպետ» գործարան ու արտադրել արցախյան գորգեր, նա ասաց. «Դա երազանք է, բայց չգիտենք հնարավո՞ր է, հեշտ գործ չէ։ Գորգագործերն այստեղ են, աշխատանքի կարիք ունենք։ Մենք 10 տարի անընդհատ ներդրում ենք կատարել, որ գործարանն աշխատի այն հզորությամբ, արտադրողականությամբ, որ աշխատում էր։ Պետք է հետ գնանք ու նորից սկենք զրոյից»։