Արցախցիների գրավադրված ոսկիները «Արցախբանկը» վերադարձնում է
Հոկտեմբերի 11-ից սկսած Արցախբանկի այն հաճախորդները, ում չի հաջողվել Արցախում ստանալ գրավադրված ոսկյա իրերը, կարող են անձը հաստատող փաստաթղթերով ներկայանալ Բանկի Նաիրի մասնաճյուղ (հասցե՝ ք.Երևան 0001, Սայաթ-Նովա պող. 10/1): Նման հայտարարութուն է տարածել Արցախբանկը։
Բանկից հայտնում են, որ Ստեփանակերտ քաղաքում արդեն իսկ 400-ից ավել վարկառուների վերադարձրել է վերջիններիս կողմից գրավադրած ոսկյա իրերը, ինչպես նաև նախատեսում է 500-ից ավել հաճախորդների ևս վերադարձնել:
«Նպատակ ունենալով որոշակի չափով աջակցել 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ֆինանսական ծանր կացության մեջ հայտնված Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին՝ Բանկը վերադարձնում է Արցախում տրամադրված ոսկու գրավով վարկերի համար գրավադրված ոսկյա իրերը առանց հաճախորդների կողմից վարկային պարտավորությունների մարմանը»,-ասվածէ բանկի հայտարարության մեջ։
Ինչ վերաբերում է վերջերս ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությանը Մարտունու մասնաճյուղում գրավադրված ոսկյա իրերի գողության վերաբերյալ, Բանկից տեղեկացնում են, որ դեպքի փաստով 2023 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ. «Անհիմն շահարկումներից խուսափելու համար խնդրում ենք հետևել բացառապես Բանկի պաշտոնական հաղորդագրություններին»։