ԵԽԽՎ. Հինգ անդամ երկրներ պետք է հետաքննեն Pegasus-ի չարաշահման դեպքերը
Վկայակոչելով «զգալի ապացույցներ», որոնց համաձայն Եվրոպայի խորհրդի անդամ մի քանի երկրների կողմից լրտեսող ծրագրերն օգտագործվել են ոչ լեգիտիմ նպատակներով՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հորդորել է հինգ կառավարությունների երեք ամսվա ընթացքում տեղեկատվություն տրամադրել նման լրտեսող ծրագրերի օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև ամբողջությամբ հետաքննել չարաշահումների բոլոր դեպքերը: Այս մասին Panorama.am-ին հայտնում են ԵԽԽՎ-ից։
Վեհաժողովը հորդորել է Լեհաստանին, Հունգարիային, Հունաստանին, Իսպանիային և Ադրբեջանին անհապաղ և ամբողջությամբ հետաքննել լրտեսող ծրագրերի չարաշահման բոլոր դեպքերը, պատժել մեղավորներին և փոխհատուցում տրամադրել զոհերին:
Բանաձևը, որը հիմնված է Նիդերլանդների ներկայացուցիչ Պիտեր Օմցիգտի զեկույցի վրա, կոչ է անում նաև անդամ մյուս երկրներին, որոնք ձեռք են բերել կամ օգտագործել Pegasus-ը, այդ թվում՝ Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը և Նիդեռլանդները, պարզաբանել դրա օգտագործումը, այն վերահսկելու մեխանիզմները ։
ԵԽԽՎ-ն նշել է, որ քաղաքական հակառակորդների, պետական պաշտոնյաների, լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գաղտնի հսկողությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ակնհայտ խախտում է, բացառությամբ այն դեպքերի, երբ այն իրականացվում է հանցագործության կանխման կամ ազգային անվտանգության պաշտպանության նպատակներով։
Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունն ավելի վաղ հայտարարել էր, որ առնվազն 13 հայաստանցի հասարակական գործիչներ, այդ թվում՝ լրագրողներ և իրավապաշտպաններ, հայտնվել են Pegasus լրտեսող ծրագրերի թիրախում։
Amnesty International-ի անվտանգությա լաբորատորիան պարզել է, որ Pegasus լրտեսող ծրագրով վարակված են եղել «Ազատություն» ռկ-ի երկու լրագրողների՝ Կառլեն Ասլանյանի և Աստղիկ Բեդևյանի հեռախոսները։
Զոհերի թվում են նաև Արցախի նախկին ՄԻՊ-ը, ՄԱԿ-ի աշխատակիցներ, ԱԳՆ նախկին մամուլի քարտուղարը, քաղհասարակության ևս յոթ ներկայացուցիչներ։
Ըստ աղբյուրի, երկու լրագրողների հեռախոսները վարակել են 2021-ի ապրիլ-մայիս ընկած հատվածում, երբ նրանք լուսաբանում էին ԼՂ հակամարտության հետևանքներն ու ստեղծված ներքաղաքական ճգնաժամը։
Լսել են նաև Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հեռախոսը, նրա հեռախոսը վարակել են 2021-ի մայիսին, երբ ակտիվորեն դիտարկում էր խորհրդարանական ընտրությունները։
2021թ. մայիս-հուլիս ամիսներին մի քանի անգամ վարակել են ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանի հեռախոսը, որը մասնակցել է ԼՂ ճգնաժամի հարցով բանակցություններին։
2021թ. հունիսին վարակել են թյուրքագետ, պատմական գիտությւոնների թեկնածու Վարուժան Գեղամյանի հեռախոսը, որն այդ շրջանում Ադրբեջանի արտաքաին քաղաքականության վերաբերյալ դասախոսություններ էր կարդում։
2022-ի հունիսին ցարակել են ArmNews TV-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանի հեռախոսը, որը Նիկոլ Փաշինյանի վարչակազմի հայտնի քննադատաներից է։
Հայաստանի նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հեռախոսը վարակել են 2022-ի հոկտեմբեր-նոյեմբերին։
Հարակից հրապարակումներ`
- «Pegasus» լրտեսող ծրագիրը՝ ԱՄՆ «դաշնային սև ցուցակում»
- Ուշադրությունը. Apple-ը նամակների նոր խմբաքանակ է ուղարկում Pegasus-ով գախտնալսվող քաղաքացիներին
- Pegasus-ով վարակման հեղինակը Ադրբեջանն է՝ իսրայելական NSO Group-ի միջոցով. Սամվել Մարտիրոսյան
- Amnesty International-ը հրապարակել է հայաստանցի 13 գործիչների անուններ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց
- «Կասպերսկի». Ինչպես պաշտպանվել Pegasus-ից և այլ մոբայլ լրտեսներից