ԼՂ-ում գրեթե հայ չկա, եթե սա էթնիկ զտում չէ, ապա չգիտեմ՝ ինչն է էթնիկ զտում. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում
«9 ամիս չի անցել, երբ կանգնած էի այստեղ ու նախազգուշացնում էի, որ Ադրբեջանը իրագործում է էնթիկ զտման ծրագիր Լեռային Ղարաբաղում։ Մեծ ցավով ասում եմ, որ դա արդեն իրականություն է դարձել»,-ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի լսումների ժամանակ հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա նշեց, որ 9-ամսյա շրջափակումից հետո Ադրբեջանը կոպտորեն խախտել է դատարանների որոշումները՝ ի հեճուկս միջազգային հանրության դատապարտման, սեպտեմբերի 19-ին մասշտաբային հարձակում է իրականացրել ԼՂ-ի նկատմամբ։
«Ցինիկաբար այդ ժամանակ 9 ամսվա ընթացքում առաջին անգամ Լաչինի միջանցքը բացեց մեկ նպատակով՝ որպեսզի 100 հազարից ավելի փախչող հայազգի անձանց դուրս թողնի այնտեղից։ Չնայած նրան, որ հազարամյակներ շարունակ ԼՂ-ի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են եղել, այսօր ԼՂ-ում գրեթե չկան հայազգի անձինք։ Եթե սա էթնիկ զտում չէ, ապա չգիտեմ՝ ինչն է էթնիկ զտում», - ասաց նա։
Ե.Կիրակոսյանը նշեց, որ ակնկալում է այսօր Ադրբեջանի ներկայացուցիչը կասի՝ իր երկիրը հավատարիմ է հայազգի անձանց հետ հաշտեցման, խաղաղ ապագայի նպատակներին. «Պետք է որ այդ բառերը ձեզ ծանոթ թվան։ Ճիշտ նույն բառերը նա ասաց մոտ 9 ամիս առաջ։ Բայց շարունակեց դիտավորյալ սովամահության ենթարկել ԼՂ հայազգի բնակչությանը ևս 8 ամիս, հետո հարձակվեց նրանց վրա՝ ստիպելով իրենց նախնիների հայրենիքից փախուստի դիմել։
2020 թվականի սեպտեմբերից Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել հայերին էթնիկ զտումների ենթարկելու ուղղությամբ։ Եվ դա արել է այս դատարանում հայկական դիմումի քննարկմանը զուգահեռ։ Քաղաքական նկատառումների պատճառով միջազգային հանրությունը չի կանգնեցրել այդ գործընթացը: Բայց էթնիկ զտման իրականությունն այսօր պարզ է բոլորին։
Ադրբեջանի պատասխանատվությունը կորոշվի այս դատարանում այս գործի ըստ էության քննարկման փուլում։ Բայց այսօր դուք դեռևս կարող եք էապես փոխել տեղում իրավիճակը և դեռ ժամանակ կա կանխելու էթնիկ հայերի հարկադրական տեղահանությունը անշրջելի դառնալը», - ասաց նա։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսքով, պետք է պաշտպանել Լեռնային Ղարաբաղում մնացած սակավաթիվ հայերի իրավունքները, նաև նրանց, ովքեր առևանգվել են և ապօրինաբար ազատազրկված են ու պահվում են Բաքվի բանտերում։
«Ադրբեջանի ցինիզմը երևակայության սահմաններն է անցնում: Ադրբեջանը բողոքում է, թե հայերի՝ այս դատարանում պահանջները իբրև հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին, պնդում է, որ այդ գործողություններն իրական սպառնալիք են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության հաստատմանը և հետաքրքրված չէ հարաբերությունների կարգավորման գործընթացով։ Այս դիրքորոշումը կտրականապես հակադրվում է միջազգային իրավակարգի հիմունքներին։
Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ ոչ միայն պատրաստ է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, նաև պատրաստ է թյուր ներկայացնել դատարանի կարգադրությունները։
Միայն միջանկյալ միջոցներով է հնարավոր կանխել այն էթնիկ զտումը, որ Ադրբեջանն իրականացնում է, կանխել դրա շարունակումը և անշրջելի դառնալը, երաշխավորել հայերի հազարամյակների մշակութային ներկայության պահպանումը ԼՂ-ում և կանխել դրա ջնջումը, ինչպես արվել է Նախիջևանում, պաշտպանել ԼՂ կալանավորված ռազմաքաղաքական ղեկավարներին Բաքվի շինծու մեղադրանքներից։ Եթե դատարանի միջանկյալ որոշումները որևէ անորոշություն են պարունակելու, Ադրբեջանն կօգտվի դրանից, դա անելով կապահովի ԼՂ-ում էնթիկ հայկական ներկայության և պատմության մշտականապես ջնջումը։
Թեպետ մենք այսօր սա հեշտ չենք նկարագրում, բայց ահա այսպիսի հանգամանքներով արդեն երրորդ անգամ դիմում ենք դատարանին»,- ասաց Ե. Կիրակոսյանը։
Արդարադատության միջազգային դատարանում այսօր սկսվել է Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի լսումները։ Հայաստանի դիրքորոշումը ներկայացնում է 5 ներկայացուցիչ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին կքննի Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի
- Ինչ է խնդրել Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանից