ԼՂ-ի հայկական բնույթն է ոչնչացվում. Էլիսոն Մաքդոնալդ
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի քննության ժամանակ փաստաբան, միջազգային հանրային իրավունքի մասնագետ Էլիսոն Մաքդոնալդը մեջբերում արեց տեղահանված արցախցիներից մեկի խոսքից. «Այնքան դժվար էր հեռանալ. մի բուռ հող վերցրի իմ հայրենիքից, լուսանկարների ալբոմ և մի քանի տաք հագուստ»։
«Այս տեղահանության ողբերգությունը նոր-նոր ենք սկսում ընկալել, պատճառված վնասը սարսափեցնող է: Բայց մենք այստեղ ենք, որովհետև հնարավոր է՝ ավելի խոր, անշրջելի վնաս պատճառվի, եթե դատարանը հրատապ քայլեր չձեռնարկի։
ԼՂ-ի էթնիկ զտումը տեղի է ունենում նաև այս պահին, այն ընթացքում, մինչ իրենք խոսում են»,- ասաց նա։
Նա գնահատմամբ, այն, ինչ տեղի է ունեցել, իրոք, ողբերգական է. «Մարդիկ հեռացել են իրենց պատմական հայրենիքից մի քանի օրվա ընթացքում, պատկերացրեք՝ ինչպիսի հուսահատ վիճակում են եղել: Բազմաթիվ են հուզիչ պատմությունները: Մի կերպ տեղավորված ավտոմեքենաների և բեռնատարների մեջ՝ րոպեներում հավաքել են մի քանի իրեր: Նրանք զրկվել են նախնիների հայրենիքից, այն ամենից, ինչ ունեցել են։ Նրանց պատմությունները լի են ցավով ու տառապանքով»։
Փաստաբանն ընդգծեց՝ էթնիկ զտման գործընթացն օրեցօր ամրապնդվում է, Լեռնային Ղարաբաղի հայկական բնույթն է ոչնչացվում՝ նպատակ ունենալով բացառել նրանց վերադարձի որևէ հնարավորություն:
Նա ասաց, որ այս գործընթացի շրջանակում Ադրբեջանը մոտ 300 հետախուզվողի ցուցակ է կազմել, որոնց փորձում են ձերբակալել. «Առնվազն 8 բարձրաստիճան պաշտոնյա է արդեն ձերբակալվել. անձինք, որոնք կապված են ԼՂ կառույցների հետ, այդ թվում՝ 3 նախկին նախագահներ, նախկին պետնախարար և նախկին ԱԳ նախարար: Ըստ երևույթին, հիմա նրանք դատաքննության են սպասում իրենց դեմ ներկայացված, հորինված քրեական մեղադրանքի հիման վրա: Նախագահ Ալիևը ԼՂ ժողովրդավարական եղանակով ընտրված պաշտոնյաներին նկարագրել է որպես «հանցավոր խունտա» և «թունավոր որջ»:
Այս բանտարկյալներին, որքան Հայաստանը տեղյակ է, որևէ հնարավորություն չի տրվել հանդիպելու որևէ անկախ միջազգային դիտորդի, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի հետ: Հայաստանը հիմքեր ունի կարծելու, որ Ադրբեջանն անհայտ թվով այլ անձանց ևս գերեվարել է»։
Մաքդոնալդն ասաց, որ էթնիկ զտման շրջանակում շարունակվում է հարձակում հայկական մշակութային ժառանգության և կրոնի նկատմամբ, այդ ամենն արվում է հայկական մշակույթը տարածքից վերացնելու համար, «կարծես հայերն այնտեղ պարզապես եղած չլինեն»:
Նա նաև ասաց, որ Ադրբեջանը ստիպել է ամբողջովին վերացնել Լեռնային Ղարաբաղի ինստիտուտները՝ ԼՂ-ն որպես իրավական սուբյեկտ, և այդ ամենն ուժի մեջ կմտնի 2024-ի հունվարի 1-ից:
«Ադրբեջանը որևէ կերպ չի բացատրում, թե էթնիկ հայերը ինչպես պետք է տեղավորվեն Ադրբեջանի, այսպես կոչված, «մեծ վերադարձի» ծրագրի մեջ: Ծրագիր, որով մտադիր է տարածքը վերաբնակեցնել ադրբեջանցիներով։
Եթե այս իրադարձությունները շարունակվեն ծավալվել, ապա, դատելով Ադրբեջանի պահվածքից, վերադարձի իրավունքը և դրա հետ կապված ամեն ինչ անիմաստ կդառնան, երբ դուք այս գործով որոշում կայացնեք: Այդ ժամանակ ԼՂ հայերի էթնիկ զտումն ամրապնդված կլինի և կդառնա անշրջելի: Բայց այս պատմությունը պարտադիր չէ, որ այդպիսի ավարտ ունենա: Դատարանի՝ միջանկյալ միջոցներ կիրառելու իրավունքը շատ կարևոր է՝ ապահովելու համար արդարադատությունը։ Ձեզ կոչ ենք անում իրականացնել արդարադատություն»,- ասաց Էլիսոն Մաքդոնալդը:
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն դեռ ունի հետախուզման մեջ գտնվող 300 անձի անուն. Լոուրենս Մարտինը՝ ՄԱԿ-ի դատարանում
- ԼՂ-ում գրեթե հայ չկա, եթե սա էթնիկ զտում չէ, ապա չգիտեմ՝ ինչն է էթնիկ զտում. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում
- ՄԱԿ-ի միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին կքննի Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի
- Ինչ է խնդրել Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին