Սպիտակ տունը հայտնել է, որ Իրանի 6 միլիարդ դոլարն արդեն գտնվում է Քաթարի բանկում
Իրանին պատկանող 6 միլիարդ դոլարի ամբողջ գումարը, որը նախկինում ապասառեցվել էր, գտնվում է Քաթարի բանկում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Ֆոնդերի մասին հարցին պատասխանելիս նա հրաժարվել է ասել, թե արդյոք Թեհրանը հասանելիություն կունենա դրանց։ «Գումարը դեռ գտնվում է Քաթարի բանկում: Այդ գումարից ոչինչ չի ծախսվել, և ես այսօր որևէ նոր տեղեկություն չունեմ այդ հարցի վերաբերյալ»,-ընդգծել է Սպիտակ տան խոսնակը:
Այն հարցին, թե արդյոք Իրանը ի վերջո կտիրապետի այդ միջոցներին ՀԱՄԱՍ արմատական պաղեստինյան շարժման գրոհայինների հարձակման ֆոնին, Քիրբին ընդգծել է. «Ես կարող եմ միայն ասել, որ ամբողջ գումարը՝ մինչև վերջին ցենտը տեղում է չի ծախսվել»: Նա հավելել է, որ Իրանի իշխանությունները «երբեք չեն տեսնի այդ միջոցներից ոչ մի ցենտ»։ «Այդ հաշվի գումարը կարող է օգտագործվել միայն մարդասիրական նպատակներով և վերահսկվելու է»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Նա հիշեցրել է, որ այդ միջոցները կարող են ծախսվել միայն ԱՄՆ-ի կողմից հաստատված մատակարարների կողմից սննդամթերքի, դեղորայքի, բժշկական սարքավորումների և գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերման վրա։ «Այս ամենը կարող է միայն ուղղակիորեն մատակարարվել Իրանի ժողովրդին»,-ասել է Քիրբին:
Ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանություններն իրավունք են վերապահում սառեցնել Իրանին պատկանող 6 միլիարդ դոլարը, որը նախկինում ապասառեցվել էր և գտնվում է իր իրավասությունից դուրս։ Իր հերթին, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգտոնը որևէ ապացույց չի տեսել, որ Թեհրանը կարող է ներգրավված լինել Իսրայելի դեմ Համասի հարձակումների ծրագրման կամ իրականացման մեջ: Միաժամանակ նա ընդգծել է, որ Իրանը երկար ժամանակ աջակցել է այդ շարժմանը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանին պատկանող 30 միլիարդ դոլարի ակտիվներն ապասառեցվել են
- Իրանի 30 միլիարդ դոլար ակտիվներն ապասառեցվում են