Բելգիացի դիրիժոր Ռուլեն Հենքենսը մեծ ուրախությամբ է կատարում հայ կոմպոզիտոր Գագիկ Հովունցի ստեղծագործությունը
Օսլոյաբնակ բելգիացի դիրիժոր Ռուլեն Հենքենսը «Արմենիա» 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի հրավիրյալ դիրիժորներից է։ Նա Բելգիայի առաջատար երիտասարդ դիրիժորներից է։ Փառատոնի մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնում են, որ նրա ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց երկու ժամանակակից կոմպոզիտորների՝ Գագիկ Հովունցի «Խորեոգրաֆիկ պիեսները» և Ալեքսեյ Շորի «Փյունիկ» ֆանտազիան ջութակի և նվագախմբի համար‚ «Վերդիանան» ջութակի և նվագախմբի համար։ Համերգի ընթացքում որպես մենակատար հանդես եկավ մեծ ճանաչում վայելող ջութակահար Մարկ Բուշկովը։
Ռուլեն Հենքենսն առաջին անգամ էր Հայաստանում‚ նաև առաջին անգամ էր համագործակցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Դիրիժորն ասում է‚ որ ուրախ է շփվել մեր երկրի‚ հայկական մշակույթի հետ։
«Ուրախ եմ նաև ներկայացնել հայ կոմպոզիտորի ստեղծագործություն։ Գագիկ Հովունցի Խորեոգրաֆիկ պիեսներում առկա են շատ մենակատարային տարրեր‚ ինչը պահանջում է անհատական տաղանդներ‚ երաժշտական գործիքների առանձին կատարումներ։ Այս ստեղծագործությունը շատ ջերմ մթնոլորտ է ստեղծում‚ և մեր ժամանակներում շատ կարևոր է այս ստեղծագործությամբ կիսվել ունկնդրի հետ։
Համերգի ընթացքում հանրահայտ ջութակահար Մարկ Բուշկովի հետ կատարելու ենք նաև Ալեքսեյ Շորի երկու ստեղծագործությունները։ Հետաքրքիր է‚ որ մենք Բուշկովի հետ առաջին անգամ հանդիպում ենք այստեղ‚ թեև երկուսս էլ Բելգիայից ենք։ Շորի գործերը ես ներկայացնում եմ առաջին անգամ։ Նրա «Փյունիկ» ֆանտազիան վիրտուոզ ստեղծագործություն է‚ և ես ուրախ եմ այն Հայաստանում կատարելու համար։ Շորի «Վերդիանան» երեք մասից է բաղկացած‚ և յուրաքանչյուր հատված առանձնահատուկ է»‚- ասում է Ռուլեն Հենքենսը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին խոսելիս նա ընդգծում է‚ որ այն շատ ջերմ կոլեկտիվ է՝ բաղկացած անհատականություններից։ Նվագախումբը‚ ըստ դիրիժորի‚ բաց է իր գաղափարների‚ առաջարկների համար‚ և համագործակցությունը շատ ներդաշնակ է։
«Արմենիա» 7-րդ միջազգային փառատոնը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- «Արմենիա» փառատոնի բացման համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը
- «Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգա ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին
- Աշխարհահռչակ երաժիշտների մասնակցությամբ Երևանում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին