Ես 55 տարեկան եմ, 50 տարի է ուզում էի Հայաստանում նվագել. Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյան
Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը։ Նախապես հայտարարվել էր, որ համերգները տեղի կունենան հոկտեմբերի 13-ին և 14-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սակայն այսօր փոփոխություն է մտցվել համերգների ամսաթվերում. այսօրվա համերգը կտեղափոխվի հոկտեմբերի 15-ին։ Արա Մալիկյանի նվագախումբը չվերթների փոփոխության հետ կապված երեկ գիշեր չի կարողացել ժամանել Երևան, և կժամանեն այսօր գիշերը, ինչի պատճառով համերգները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին և 15-ին։
«Բոլոր նրանք, ովքեր ձեռք են բերել հոկտեմբերի 13-ի տոմսերը կարող են նույն տոմսերով ժամանել համերգասրահ հոկտեմբերի 15-ին կամ վերադարձնել տոմսերը»,- հայտնում են համերգի կազմակերպիչ TM ընկերությունից։
Համերգները կայանում են երաժշտի համաշխարհային համերգաշարի շրջանակում։
Համերգի կազմակերպիչ TM ընկերությունը հայտնում է, որ համերգներից ստացված հասույթն Արա Մալիկյանն ու փրոդաքշնը ուղղելու են «ի նպաստ բռնի տեղահանված արցախահայության»։
Արա Մալիկյանը արդեն Հայաստանում է։ Ասուլիսում ասաց, որ շատ հուզված է, նաև ուրախ է, որ Երևանում է ու իր առաջին համերգն է ունենալու Հայաստանում։
«Գիտեմ, որ դժվար ժամանակներ են ողջ հայ ժողովրդի համար։ Երկար մտածեցինք՝ հետաձգե՞լ համերգը, թե՞ ոչ, ի վերջո որոշեցինք անել համերգը ու տոմսերի հասույթը տրամադրել Արցախից տեղահանված անձանց»,- ասաց երաժիշտը։
Ինչո՞ւ հիմա որոշվեց ելույթ ունենալ Հայաստանում
«Ես 55 տարեկան եմ, 50 տարի ուզում էի Հայաստանում նվագել, միայն թե առիթ չի եղել։ Շատ եմ եղել Հայաստանում, լավ գիտեմ երկիրը։ Բայց տարբեր է այցելելը, համերգով հանդես գալը։ Զգացումները տարբեր են։ Ես և խումբն ամբողջ սրտով ու հոգով ամեն ինչ անելու ենք, որ շատ լավ ժամանակ անցկացնենք։
Նվագելու եմ նաև իմ գործերից։ Ինչ երաժշտություն էլ հորինեմ, հայկական է ստացվում՝ ուզեմ, չուզեմ։ Նույնիսկ եթե սկսեմ լատինո ոճի երաժշտություն գրել, վերջիվեջո հայկականի է վերածվում»։
TM ընկերության տնօրեն Թովմաս Մարտիրոսյանն ասաց, որ երկու տարի է ամսաթիվ էին փորձում հարմարացնել. «Այս համերգների օրերը համաձայնեցրել ենք 2022 թվականի դեկտեմբերին։ Եթե հիմա էլ տեղափոխվեր, արդեն անհայտ ժամկետով։ Որոշեցինք՝ ճիշտ կլինի շարժվել առաջ ու հասույթը տրամադրել բարեգործությանը»։
Առաջին ծանոթությունը ջութակի հետ
«Իմ պապը Ուրֆայից էր, ցեղասպանության ժամանակ ողջ ընտանիքը կորցրել է։ Նա փրկվել է մի ծերունու նվիրված ջութակի շնորհիվ. այդ ջութակով խմբում նվագել է ու այդպես կյանքը փրկել էր։ Բեյրութում իմ հայրն այդ ջութակը տեսել էր ու սիրահարվել։ Ողջ օրը ջութակ էր նվագում ու իր սերը ինձ փորձեց փոխանցել։ Ես էլ այդպես սկսեցի նվագել ջութակ»։
Բեմական կերպար
«Ես շատ եմ սիրում դասական երաժշտության, համերգների ժամանակ բավական շատ եմ նվագում դասական երաժշտություն, բայց իմ ձևով։ Հիմա շատ կատարում եմ իմ ստեղծած գործերը»։
Բեմ, հանդիսատես և ազատություն
«Երբ որ արտիստը բեմ է դուրս գալիս, հրաշք է լինում՝ դու բեմում ես, առջևումդ հազարավոր մարդիկ են կամ 50 հոգի, կապ չունի։ Հրաշքն այն է, որ բեմի վրա ես, մեծ պատասխանատվություն ես զգում, որ ողջ ժողովրդին պետք է հուզես։ Ամբողջ մարմնով, սրտով հոգով նվիրվում ես հանդիսատեսին»։
Ամենաջերմ ընդունելությունը
«Հայաստանում պետք է լինի։ Դու ես պատախանատու, թե ինչպես քեզ կընդունեն։ Եթե դու բաց ես, ձգում ես, քեզ ամեն տեղ լավ կընդունեն»։
Արա Մալիկյանը ծնվել է Բեյրութում, ուսանել է Լոնդոնում, այժմ բնակվում է Մադրիդում։ Նա վիրտուոզ ջութակահար է՝ վառ արտահայտչականությամբ։ Թողարկել է մի քանի տասնյակ ձայնասկավառակ։ Նրա ջութակը երաժշտական աշխարհում ամենաօրիգինալ և նորարարական ձայներից է։ Մալիկյանը հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է, տարեկան ունենում է ավելի քան 450 համերգ աշխարհի մոտ 40 երկրում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան