«Մի ֆունտ սիրտ»՝ Վանաձորից Մոսկվային դերասան Արամայիս Սարգսյանի մատուցմամբ
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մի ֆունտ սիրտ» ներկայացումը մասնակցել է միջազգային փառատոնի։ 2023 թվականի հոկտեմբերի 1-10-ը Մոսկվայում տասնհինգերորդ անգամ անցկացվել է մոնոներկայացումների SOLO փառատոնը: Տասը օր շարունակ հանդիսատեսին ներկայացվել է 17 բեմականացում, այդ թվում՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի «Մի ֆունտ սիրտ» ներկայացումը։
Վանաձորի թատրոնը հանդես է եկել հոկտեմբերի 8-ին՝ Ռուսաստանի թատերական գործիչների միության Մոսկվայի «Ստրաստնոյ» մշակութային պալատում՝ Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգության հիման վրա գրված Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» մոնոներկայացմամբ, որի գլխավոր հերոսի՝ Շայլոկի կերպարը մարմնավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը։ Ներկայացման բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար, երջանկահիշատակ Վահե Շահվերդյանն է:
Փառատոնի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենին՝ նշելով, որ «Մի ֆունտ սիրտ» ներկայացումը դարձել է մոնոներկայացումների SOLO փառատոնի վառ իրադարձություններից մեկը, հանդիսատեսի շրջանում բուռն արձագանքի է արժանացել, ինչպես նաև բարձր է գնահատվել մասնագետների կողմից։
Շայլոկի կերպարը մարմնավորած՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում կիսվելով իր տպավորություններով՝ ասաց. «Բրավոներ, ծափահարություններ, ծաղկեփնջեր, նվերներ։ Մի քանի հայեր էլ կային, նրանք էլ հայավարի էին շնորհավորում։ Այս ամենից, իհարկե, կարելի է ենթադրել, որ մարդիկ շատ տպավորված էին։ Ներկայացումից հետո ինձ մոտեցավ արտ-տնօրենն ու ասաց, որ հրաշալի էր, մինչ այս նման մասշտաբի ներկայացում չէր եղել»։
Ա. Սարգսյանը ներկայացումը խաղացել է հայերեն, եղել են ռուսերեն սուբտիտրեր։ Թարգամանությունն արվել է Երևանում։ Ներկայացումն ունեցել է բարդ դեկորացիաներ, որոնք շատ դժվար կլիներ տեղափոխել Մոսկվա։ Որոշվել է հենց տեղում էլ պատրաստել նոր դեկորացիներ։ Բեմադրության նկարիչը Աշոտ Համբարձումյանն է։ Դերասանը նաև նշեց, որ իրենց՝ Մոսկվա գնալուն աջակցել է Վանաձորի քաղաքապետարանը, քանի որ ֆինանսական խնդիրներ են ունեցել և հնարավոր էր նաև ընդհանրապես հրաժարվեին փառատոնին մասնակցելուց։
Խոսելով ռուս հանդիսատեսի մասին՝ Ա. Սարգսյանն ասաց, որ Մոսկվան թատերական կյանքի համաշխարհային խոշորագույն կենտրոններից է, որտեղ բազմաթիվ փառատոներ են անցկացվում, հանդիսատեսը շատ կիրթ է. «Ոչ միայն ներկայացումն են ընկալում, այլ հենց թատրոնի շենք մտնելուց զգավում է, որ տիրապետում են թատրոն հաճախելու կուլտուրային. հատուկ հագնված, պատրաստված, առնվազն կես ժամ շուտ արդեն թատրոնում են։ Հայաստանում կենցաղային կուլտուրայի մակարդակը շատ ցածր է, ընդհանրապես կենցաղում մենք շատ հետ ենք մնում մեր մշակույթով, վարվեցողության կանոններով»։
«Մի ֆունտ սիրտ» պիեսի հիմքում Վ. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականն» է, Ս. Խալաթյանը, որոշակի փոփոխությունների ենթարկելով Շեյլոկի կերպարը, այն դարձրել է մեր ժամանակին համահունչ ասելիքի և բովանդակության կրող:
Ա. Սարգսյանն ասաց. «Այս ներկայացման մեջ այսօրվա Հայաստանի մասին էլ խոսք կա՝ հայ մարդու կարոտը հայրենիքի նկատմամբ, պանդխտությունը։ Մոսկվայում ինձ մոտեցավ ժողովրդական մի արտիստ, ասաց՝ այնպիսի տպավորություն է, որ այս պիեսը գրել եք երեկ ու այսօր խաղում եք։
Պետք է այնպիսի գործ ընտրես, որ միայն մեկ օրվա համար չէ, երկար ժամանակ համահունչ լինի կյանքի մնացած բաղադրիչներին, քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային կողմերին։ Այս պիեսն այսօրվան համապատասխան ամեն ինչ ունի»։
Արամայիս Սարգսյանն ասաց, որ երկրում տեղի ունեցած իրադարձությունները չեն կարող չազդել մտավորականի վրա. «Շատ ծանր են ապրումնես, բայց աշխատում ենք հաղթահարել ու դիմանալ»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան