Էրեբունիում խնջույքն ավարտվեց կրակոցներով
Քրեական վարույթի շրջանակներում իրականացվում է քննություն՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության, սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
ՔԿ փոխանցմամբ, հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:50-ին, Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ երիտասարդներ Էրեբունի թանգարանի մոտակայքում ոչ սթափ վիճակում բղավում, հայհոյում են և կրակում միմյանց ուղղությամբ։
Դեպքի առթիվ 2023թ․ հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել և վերցվել են արնանման նյութի հետքեր, դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ: Ռեստորանային համալիրից քիչ հեռու՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, իսկ մեքենայի տարբեր հատվածներում առկա են եղել կրակոցի հետքեր: Ռեստորանային համալիրի դիմացի հատվածում հայտնաբերվել է նաև շարժիչը միացված վիճակում գտնվող «BMW 530 XI» մակնիշի ավտոմեքենա։
Ըստ աղբյուրի, տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից դեպքի վայրում բռնվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի 25-ամյա բնակիչ։ Քննիչի որոշմամբ վերջինս ձերբակալվել է՝ առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով։
Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խնջույքի ընթացքում վիճաբանություն է առաջացել խնջույքին մասնակից անձանց միջև, ինչը շարունակվել է համալիրի դիմացի հատվածում։ Դրա ընթացքում վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը կրակոցներ է արձակել վիճաբանող անձանց և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Նշանակվել են դատաապրանքագիտական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները, ինչպես նաև` վիճաբանությանը մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Այդ նպատակով ոստիկանության Էրեբունու բաժնին տրվել է հանձնարարություն:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է