Մարզիչ Գևորգ Շահնազարյանը տեղահանվելու ժամանակ առաջին հերթին իր հետ վերցրել է բասկետբոլային գնդակները
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը, ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը հանդիպել են Արցախից տեղահանված բասկետբոլի մարզիչներին։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ, փորձառու մարզիչները հայտնել են, որ փորձելու են իրենց գործունեությունը շարունակել Հայաստանում և այս օրերին ակտիվ կապի մեջ են Արցախից տեղահանված իրենց սաների հետ:
Սուրեն Զոհրաբյանը հանդիպումից հետո նշել է. «Քննարկել ենք, թե ինչ ուղիներով կկարողանանք համագործակցել և օժանդակել նրանց աշխատանքի հետագա ընթացքը: Մարզիչներից Գևորգ Շահնազարյանը, ով երկար տարիներ աշխատում է տղաների և աղջիկների հետ, տեղահանվելու ժամանակ առաջին հերթին իր հետ վերցրել է բասկետբոլային գնդակները՝ մի կողմ թողնելով տան իրերը։ Նա ավտոմեքենան բարձել է գնդակներով և ընտանիքի հետ շարժվել դեպի Երևան: Այս քայլը ցույց է տալիս, թե մարզիչը որքան նվիրված է իր աշխատանքին: Մենք կփորձենք աջակցել նրանց այս դժվարին փուլը հաղթահարելու համար»: