ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, տեղեկացնում ու միաժամանակ տեղեկացնում
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված ավելի քան 21 հազար դպրոցահասակ երեխաներ կան։ Նրանց մեծ մասն արդեն Հայաստանում հաճախում են դպրոցներ։ Սակայն հաճախ ենք լսում կամ կարդում դեպքերի մասին, որ կամավորականներն են դպրոցականների համար գրենական պիտույքներ հավաքում կամ երեխային տվյալ դպրոց չեն ընդունել, քանի որ տեղ չկա։ Panorama.am-ը մի քանի հարց է ուղղել ԿԳՄՍ նախարարություն։
Մասնավորապես՝
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված ավելի քան 21 հազար դպրոցահասակ երեխաներ կան։ Նրանցից քանի՞սն են այս պահին արդեն տեղավորվել դպրոցներ և ո՞ր համայնքներում։
Գրենական պիտույքներ հավաքագրում ու հասցնում են երեխաներին կամավորականները։ Ինչո՞ւ նախարարությունը հենց դպրոցների միջոցով չի հատկացնում երեխաներին անհրաժեշտ պիտույքների փաթեթ, ինչը և արագ կլիներ, և արդյունավետ, և, համոզված ենք՝ ոչ մեծ ֆինանսական ծանրաբեռնվածություն ձեզ համար։
Դժգոհություններ կան, որ երեխային տան մոտ գտվող դպրոցում չեն կարողանում գրանցել, քանի որ արդեն դասարաններում կան 36-38 աշակերտ։ Ի՞նչ պետք է անի տվյալ դեպքում ծնողը։ Հնարավոր չէ՞ նոր դասարաններ բացել, նաև՝ արցախցի ուսուցիչներին ընդունել աշխատանքի՝ հրամանով, չթողնելով հարցը տնօրենների հայեցողությանը։
ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի պատասխանում նշված է. «Տեղեկացնում եմ, որ ԼՂ բնակչության բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետություն տեղափոխված ընտանիքների շուրջ 13023 սովորող ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Հարկ է նշել, որ ներկա պահին հնարավոր չէ տրամադրել բաշխվածություն՝ ըստ մարզերի՝ մինչև բնակավայրերում ընտանիքների վերջնական տեղավորվելն ու հաստատվելը։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գրություններ է ուղարկել հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ առաջարկելով ԼՂ բնակչության բռնի տեղահանման արդյունքում հազարավոր ընտանիքների՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված լինելու հետևանքով սովորողների ընդունելությունը կազմակերպելիս ծնողներին առաջարկել բնակության վայրին մոտ գտնվող առավել հարմար ուսումնական հաստատություն, որտեղ կան լիցենզիայով սահմանված ազատ տեղեր։ Վերջինիս անհնարինության դեպքում անհրաժեշտ է սովորողներին ընդունել՝ անկախ լիցենզիոն տեղերի սահմանափակումից՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թ. N 954-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, որով նախատեսված է, որ հաստատության տարրական և միջին դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը՝ 30:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ սովորողների ընդունելությունը կազմակերպելուց հետո առաջարկվել է երեխաներին ապահովել դասագրքերով՝ հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 81-Ն/29.11.2021թ./ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգի» 24-րդ և 25-րդ կետերի պահանջները, իսկ լրացուցիչ դասագրքերի անհրաժեշտության դեպքում կիրականացվի լրացուցիչ քանակով տպագրություն։
Հարկ է նշել, որ հարցման 2–րդ կետով բարձրացված խնդիրը դուրս է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավասությունից»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի տարբեր ԲԿ-ներում արցախցիների, մարզերում՝ դպրոցականների տվյալները Փաշինյանի խոսնակից
- Արցախից բռնի տեղահանված 6592 երեխա արդեն հաճախում է դպրոց
- Ֆիզմաթ դպրոց. Աշակերտ ընդունելու հնարավորություն այլևս չունենք
- Ճարտարից Նարեն այսօր դպրոց գնաց
- Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
- Հայաստանյան դպրոցներում ազատ տեղերի մասին տեղեկատվությունը հասանելի է license.emis.am հարթակում
- ԼՂ 108 դպրոցների շուրջ 21 հազար սովորողներից գրեթե բոլորն արդեն Հայաստանում են
- Պետք է հասնել նրան, որ ԼՂ-ից բռնի տեղահանված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում պարտադիր կրթությունից դուրս մնացողներ չլինեն․ Անդրեասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան