«Հայասաթ-1» հայկական արբանյակի երկրային նմուշի թռիչքի փորձարկումը DigiTec 2023-ում
DigiTec 2023-ում տեղի ունեցավ «Հայասաթ-1» հայկական արբանյակի երկրային նմուշի անտենաների բացման ցուցադրությունը, որին ներկա էին ժամանակակից տեխնոլոգիաներով հետաքրքրված այցելուներ և տարբեր ոլորտների մասնագետներ։
Արբանյակը մշակվել է «Բազումքի» և Center for Scientific Innovation and Education -ի կողմից։
Panorama.am-ի հետ զրույցում Գիտական նորարարության և կրթության կենտրոն հիմնադրամի (CSIE) տիեզերական նախագծերի տեխնիկական տնօրեն, «Հայասաթ-1» թիմի տեխնիկական տնօրեն Մասիս Կումրիգյանն ընդգծեց արբանյակի ստեղծման կարևորությունը հայկական շուկայում։
«Մենք ուզում ենք ցույց տալ, որ Արբանյակը և իր ենթահամակարգերը՝ սկզբից մինչև վերջ, կարող ենք մենք Հայաստանում պատրաստել և կիրառել։
Նպատակն այն է նաև, որ այստեղի ինժիներները սկսեն այդ փորձը վերցնել։ Արբանյակի համակարգերը բարձր ռիսի հետ են կապված, այն կարելի է միայն մեկ անգամ ուղարկել, ամեն ինչ պետք է ճշգրիտ հաշվի առնել և ստուգել»,-ասաց նա։
Բազումք տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն, «Հայասաթ-1» թիմի գլխավոր ինժեներ Հայկ Մարտիրոսյանն էլ փաստեց, որ այս քայլով Հայաստանը նոր ուղի է նախանշում տիեզերական ոլորտում․ «Մենք շատ կարևոր ենք համարում, որ Հայաստանը մուտք գործի տիեզերական տեխնոլոգիաներ, որովհետև այօր աշխարհում վերջին բարձր տեխնոլոգիաները կիրառվում են տիեզերական ոլորտում»։
«Հայասաթ-1» թիմի գլխավոր գիտնական, ԱՅԱՍ տիեզերագիտական ընկերության համահիմնադիր և նախագահ Ավետիք Գրիգորյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց նաև այն առաջընթացները, որոնք հասցրել է գրանցել իրենց թիմն այս կարճ ժամանակահատվածում․ «Բացի նրանից, որ մենք այսօր մեր տաղավարով ներկայանում ենք DigiTeq Expo 2023-ում, նաև հատուկ միջոցառումով այցելուներին ներկայացրինք, թռչող նմուշի երկրային կրկնօրինակը, և նրա անտենաների բացման ու ազդանշաններ ուղարկելու, ստանալու պրոցեսը։ Սա շատ կարևոր էր, որ մարդիկ տեսնեն՝ ռեալ աշխատող համակարգ է, արդեն ուղարկվել է Եվրոպա՝ Նիդերլանդներ, վիբրացիոն թեստավորում է անցել և հիմա մյուս արբանյակների հետ իրենք նախապատրաստում են ուղարկել ԱՄՆ՝ Space X»,-ասաց գիտնականը՝ նշելով, որ իրենք անում են առաջին քայլը, չնայած նրան, որ Հայաստանն այդ առումով կարծես անապատացված վիճակում լինի։
«Ժամանակին ունեցել ենք լուրջ պոտենցիալ, լուրջ պրոեկտներ, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո այդ ամբողջը կորսվել է։
Հայաստանը տիեզերական գործունեության ոլորտ բերելու համար՝ մենք փորձելու ենք ստեղծել այլ հայկական մոդուլներ, որպեսզի անկախ լինենք, կարողանանք մեր սեփականը ունենալ և մրցունակ լինել, մերն առաջարկել աշխարհին, մեր տեղը գտնել տիեզերական շուկայում»,- եզրափակեց Ա. Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան