Խալխի տանը չկա՛ ապագա, ապագա՛ չկա...Արցախից տեղահանված Տաթևիկ Խաչատրյան
Արցախից բռնի տեղահանված Տաթևիկ Խաչատրյանը գրում է.
«Խալխի վարձով տան և ջրհեղեղվող բարձերի մասին
Խալխի վարձով տանը ամեն ինչ սառն ու օտար է, յոթ հոգով 2 սենյակում ապրելն էլ` մաքսիմալ անհարմար։
Խալխի տանն ամեն անգամ քեզ անհրաժեշտ իրը չգտնելիս հիշում ես տունդ, փնտրածդ իրը մտովի գտնում խոհանոցիդ համապատասխան դարակից և տխրում, որ դրանք երևի պետք չեն գա տունդ զավթած նոր բնակիչներին։ Նրանք քո իրերը, որպես «հարամ», պարզապես ամենաանշնորհք ձևով կտան աղբի գիրկը... Իսկ դու խալխի տանը հերթական անգամ կզգաս դրանց կարիքը և ապագայում նորը գնելու հեռանկարը հեչ չի սփոփի ներսիդ «տան կնկան»։
Խալխի տանն ամեն ինչ տձև ու անսեր է, ասես ինչ֊որ մեկը հատուկ ուզում էր ընդգծել, որ հնարավոր չէ երջանիկ լինել «էն գորշ խրճիթից, էն հին խրճիթից» հեռու։
Խալխի տան պատուհաններից քամին շատ հանգիստ ներս է մտնում և փչում չսպիացած վերքերիս վրա, ձմռանն այլևս չի փչի, այլ կփնչա...
Երբ օրերն այլևս մռայլվեն, խալխի տան հյուրասենյակ(ացու)ի առաստաղից կախված ինքնասպանի պարան հիշեցնող լամպըչկան հավանաբար ի զորու չի լինի այնքան լույս տա, որ հույսս նորոգեմ, ուստի մինչ այդ պիտի փազլի պես 0֊ից հավաքեմ ինձ ու մի լավ սոսնձեմ, որ չքանդվեմ էլի։
Խալխի տանը երեխաս 2 օրից իր 5֊ը կբոլորի, և դա այնքա՜ն վիրավորական է, դա ապտակ է երբևէ իր կյանքում վարձով չապրած իր 29֊ամյա մայրիկի համար, ով ամեն օր խոսում է այն մասին, որ պետք է հարմարվել նոր իրողություններին ու շարունակում անցյալով ապրել։
Խալխի տանը անցյալս շատ ավելի հեռու է թվում, քան փաստացի 351 կիլոմետրը, և ես մեկ֊մեկ հանդգնում եմ մտովի փախչել հետ ու թաքուն հատել Հակարիի (Սատանայի) կամուրջը, վազե՜լ, երկա՜ր և շնչակտուր վազել դեպի ԻՄ տուն...
Խալխի տան դուռը կողպում եմ տնից դուրս գալիս, իսկ իմ տան դուռը գաղթելուց առաջ բաց եմ թողել` բանալիներն էլ թողել սողանցքում. չեմ ուզում կոտրելով բացեն այն դուռը, որտեղ տարիներ ի վեր սերն է թևածել, որտեղ իր առաջին քայլերն է արել և իր առաջին բառերը թոթովել աշխարհի ամենազգայուն և բարի բալիկը։
Խալխի տանը ամեն գիշեր շարունակում են աղաջրվել Kristina Yan -ի նվիրած բարձերը (հուսամ ներում է մեզ դրա համար)... Եթե սկզբի օրերին կարելի էր լացել անդադար և անթաքույց, հիմա՝ միայն գիշերվա մթում, իրարից թաքուն ու անձայն։
Խալխի տանը չկա՛ ապագա, ապագա՛ չկա...
Հարակից հրապարակումներ`
- Կվերադառնա՞ն Արցախ բռնի տեղահանվածները. Հարցում արցախցիների շրջանում
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նյարդերի պայքար էր, որում արցախցիները հաղթում էին
- Արցախցի. Մանուշակը իր ճամպրուկում դժվար թե տեղավորեր իր բոլոր վերկանգնած վանքերը
- Մարմարաշենում հուղարկավորել են արցախցի հինգ երեխաների հորն ու մորը
- Արցախցի ընտանիքը գիշերում է փողոցում
- Արցախցի կնոջ կոչը. Մարդկանց վերքի վրա աղ մի լցրեք
- Արցախցի նախկին նախարարը՝ ուսուցիչներին. Սեղմեք Ձեր ատամները, կուլ տվեք սուգը և բռունցք արեք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան