Հայաստանում տեղի է ունենալու բնապահպանական ամենամեծ կառույցներից մեկի համաժողովը
Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում և աշխարհում 1-ին անգամ տեղի է ունենալու բնապահպանական ամենամեծ կառույցներից մեկի՝ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպումը։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից հայտնում են, որ սա աննախադեպ իրադարձություն է, որը Հայաստանում է հավաքելու տարբեր երկրներից ժամանած տասնյակ հյուրերի, բնապահպանության ոլորտի առաջատար մասնագետների, որոնք մի քանի օր շարունակ քննարկելու են IUCN նպատակներն ու մարտահրավերները, ինչպես նաև ծանոթանալու են ոլորտի տեղի ներկայացուցիչների հետ։
Երեք օր շարունակ տեղի ունեցող համաժողովին ներկա են գտնվելու ԲՊՄՄ փոխնախագահ Հիլդա Իգրմոնթը, ԲՊՄՄ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Բորիս Էրգը, ԲՊՄՄ Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի միջտարածաշրջանային կոմիտեի (ICENCA) համանախագահ Քրիս Մեհոնը, ինչպես նաև բազմաթիվ տեղի հյուրեր և ոլորտի ներկայացուցիչներ։ Հոկտեմբերի 16-ի բացման արարողությանը մասնակցելու է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն (FPWC) Ռուբեն Խաչատրյանը և բազմաթիվ այլ հետաքրքիր հյուրեր։
ԲՊՄՄ հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանին և աշխարհին վերաբերող մի շարք կարևորագույն թեմաներ, ինչպես, օրինակ՝ երիտասարդներին հետաքրքրելու և նրանց ներգրավման վերաբերյալ։ Մասնակիցները հնարավորություն կունենան առաջին աղբյուրից լսելու IUCN դերի և գործառույթների, օգտագործվող գործիքների և ամենակարևորը՝ կենսաբազմազանության պահպանության խնդիրների մասին, որոնց բախվում են բոլորը և մշտապես։
Միջոցառմանը կարող են մասնակցել նաև հետաքրքրված անձինք Հայաստանից։ Սա աննախադեպ հնարավորություն է բնապահպանության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտի ներկայացուցիչների, մասնագետների ու փորձագետների համար անձամբ ծանոթանալու ամենախոշոր բնապահպանական կազմակերպություններից մեկի գործունեությանը և ոլորտում առկա մարտահրավերներին։