Բնակության ժամանակ չպաշտպանեց, բայց վերաբնակեցման դեպքում Սամվել Բաբայանը խոստանում է պաշտպանել Արցախը
«Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա: Իրենք որ հրաման են ստորագրել, ստորագրել են, որ մինչև հունվարի 1-ը գործում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:
Ըստ նրա, միակ լեգիտիմ մարմինը Արցախի ԱԺ-ն է, որը պետք է նայի այդ հրամանը, ուղարկի դատարան, կնայեն, թե որքանով է իրավական առումով համապատասխանում կամ չի համապատասխանում. «Հետո արդեն պառլամենտը կորոշի իր քայլերը: Եթե չի համապատասխանում, կհեռացնի նախագահին կետերը խախտելու համար, կընտրի նոր մարմին, որը կկառավարի, կփորձի ամբողջ ժողովրդին վերաբնակեցնելու կամ բանակցելու խնդիր լուծել»։
Ինչպե՞ս պետք է կազմակերպվի վերաբնակեցման ծրագիրը, իրատեսակա՞ն է համարում արցախահայերի վերաբնակեցումը հարցերին ի պատասխան նա ասաց. «Առաջին հերթին պետք է հասկանանք՝ Ադրբեջանն ինչի՞ է պատրաստ, ի՞նչ բանակցությունների է պատրաստ:
Այն փաթեթը, որը մենք ուղարկել ենք, եթե պատրաստ է, ապա կասենք դրա մասին, այդ լիազորությունները կստանանք, կհասկանանք՝ ո՞վ է բանակցելու: Հիմա փորձել արդեն քննարկել՝ ճիշտ չէ:
Ամեն դեպքում, հատուկ ծրագրերի վարչության մասին, որ ես խոսում էի, այդ ծրագիրը պետք է իրակագործել՝ լինի դա վերադարձ Արցախ, թե՞ վերաբնակեցում Հայաստանում, տարբերություն չկա»:
Նրա խոսքով, եթե Արցախին հատուկ կարգավիճակ չտրվի՝ ինքնավար մարզի կարգավիճակ, արցախցիները հետ չեն գնա և չեն գնա վերաբնակեցման։
Հարցին՝ իսկ ո՞վ է վերաբնակեցման դեպքում ապահովելու արցախցիների անվտանգությունը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահն ասաց, որ տարբեր մեխանիզմներ կան դրա համար. «Պետք չի միջազգային ուժեր, մենք մեր ուժերով պաշտպանվելու ենք, մենք մեր խնդիրները լուծելու ենք»։
Ս. Բաբայանն ասաց, որ Ադրբեջանը չի ուզում ՀՀ-ի հետ քննարկի իր ներսի խնդիրը:
«Ղարաբաղի խնդիրը ինքը համարում է իր ներսի խնդիրը և քո հետ պատրաստ չի քննարկի, իսկ եթե Ղարաբաղի ժողովուրդը՝ ընտրած իր ղեկավարով բանակցում է Ադրբեջանի հետ, դա արդեն այլ խնդիր է»,- նշեց նա: