Պետությունը պետք է մտածի հանրային ենթակառուցվածքներն ապահովելու մասին․ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները պայմանականորեն որպես զբոսաշրջային ստարտային տարի համարում են 2000 թ․-ը։ 2000 թ․-ին գրանցվել է շուրջ 45 000 զբոսաշրջիկ , իսկ այժմ՝ մոտենում ենք 2 մլն-ի։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ 2000թ․-ին եղել են ընդամենը 4-ից 5 հյուրանոցն, որտեղ հնարավոր է եղել ընդունել միջազգային զբոսաշրջիկների։ Դրանք կենտրոնացած են եղել Երևանում։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը ուրախությամբ է փաստում այն, որ այսօր հյուրանոցային տնտեսության ավելի քան 60 տոկոսը կենտրոնացած է մազերում՝ համարելով սա լուրջ առաջընթաց։ Սակայն քովիդը, այնուհետ՝ պատերազմը բացասական ազդեցություն ունեցան տուրիզմի ոլորտի վրա։ Այդ շրջանում զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան նվազեց։
«Ընդհանրապես քովիդի ժամանակահատվածում ամբողջ աշխարհում կարծես կանգ էր առել տուրիզմը։ Իսկ պատերազմը մեզ կրկնակի հարված հասցրեց։ Բայց հիմա կամաց-կամաց վերականգնվում է։ Թեև կազմակերպված տուրիզմը դեռ կայուն վերականգնման փուլ չի մտել, այս ուղղությամբ ևս անելիքներ կան»,- ներկայացրեց Ապրեսյանը։
Չնայած հյուրանոցային տնտեսությունները ավելանում են, սակայն մարզերում մի շարք ենթակառուցվածքային խնդիրներ շարունակում են չլուծված մնալ։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահն ասում է, որ ոլորտում ծագած խնդիրները հնարավոր է լուծել միայն համակարգային մոտեցմամբ։
«Պետք է վերանայել մոտեցումները հատկապես այն վայրերի, որտեղ մասնավորը ցանկություն ունի ներդրումներ անելու։ Հանրային ենթակառուցվածքների խնդիրներ կան, խոսքը՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի և ջրի հասանելիության մասին է։ Պետությունը պետք է դրա մասին մտածի և ապահովի հանրային ենթակառուցվածքները։ Զուգահեռ նաև ներդրումների համար օրենդրական բարենպաստ միջավայր ստեղծելու անհրաժեշտություն կա։ Այս ամենը լուծելուց հետո մասնավոր հատվածին ներգրավելը կլինի միայն տեխնիկայի հարց»,- ասաց Ապրեսյանը։ Միաժամանակ նա հավելեց, որ տուրիզմի ոլորտի հստակ քաղաքականության մշակման անհրաժեշտություն կա։
«Պետություն-մասնավոր հատված պետք է համագործակցեն։ Համակարգային մոտեցում է պետք է ունենալ, այս կամ այն ծագած խնդիրը լուծով առաջ գնալ չենք կարող։ Պետք է մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ քննարկվեն խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Մենք պետք է ունենանք տուրիզմի ոլորտի քաղաքականություն, միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն։ Տուրիզմի կոմիկտեն արդեն ներկայացրել է ռազմավարություն, մենք նույնպես ներկայացրել ենք մեր առաջարկությունը, բայց պետք է ավելի ակտիվ փուլ մտցնել, որպեսզի բոլորի կարծիքները հաշվի առնվեն»,-ասաց մեր զրուցակիցը։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի համոզմամբ, ոլորտում առկա խնդիրները հնարավոր է լուծել ՝ հաշվի առնելով շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքներն ու առաջարկները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան