Պետքարտուղարությունն ուժի կիրառումն անընդունելի է համարում, բայց ոչինչ չի արվում պատերազմները կանխելու համար. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է «Político» հանդեսում լույս տեսած ու մեծ քննարկումների հանգեցրած` «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակմանը, որով, ըստ էությամբ, ո´չ հերքել է, ո´չ էլ հաստատել այդ կանխատեսման հնչեցման հանգամանքը:
Չնայած այն հանգամանքին, որ պետքարտուղարությունն ուժի կիրառումն անընդունելի է համարում, միևնույն ժամանակ պատմությունը ցույց է տալիս, որ ոչինչ չի արվում պատերազմները կանխելու համար:
ԱՄՆ-ի կարգի պետություններից սպասումը կանխատեսում, իսկ հետո ցավոտ արձանագրումներ լսելը չէ, եթե կոնկրետ հակամարտություններում սկզբունք է հռչակվում ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, ապա դա պետք է բոլոր միջոցներով ապահովել:
Վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանն ու Արցախը ադրբեջանական ագրեսիայի են ենթարկվել` լոկալից մինչև լայնամասշտաբ ռազմական գործողություններ, սակայն հիմնական դերակատարները շարունակում են խոսել ուժի չկիրառման մասին, բայց դրան որևէ լուրջ գործողություն չի հետևում:
Դրան զուգահեռ, Ադրբեջանն իր տարածքային հավակնությունների իրացման հերթական ռաունդի մասին է գուժում և դա բնական է դարձել այն տեսանկյունից, որ մի կողմից նրա առաջ փաշինյանական ռեժիմն է` իր միակողմանի զիջումների օրակարգով, մյուս կողմից, որպես երրորդ կողմ հանդես են գալիս երկրներ, որոնց համար սկզբունքներ ասվածը պահպանվում է, երբ դա նրանց է անհրաժեշտ լինում»։
Հիշեցնենք, որ ըստ հեղինակավոր Politico պարբերականի հրապարակած արտահոսքի` ԱՄՆ պետքարտուղար Է. Բլինկենը անցյալ շաբաթ մի խումբ կոնգրեսականների հետ հանդիպմանը նշել է, որ ԱՄՆ «տեսնում է հավանականություն, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի հարավային շրջաններ»: Խոսքը, ըստ պարբերականի, Սյունիքի մասին է: Այնուհետև ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել էր «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Politico հանդեսում լույս տեսած «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակման հետ, ասել էր. «Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով արժանապատիվ և տեւական խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Ուժի կիրառումն անընդունելի է, և ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այս երկարատև հակամարտության կարգավորման համար»։
Հարակից հրապարակումներ`
- «Բլինքենի կանխատեսմամբ՝ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի հարավային շրջաններ»
- Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսությունը կարևոր է․ Պետդեպի պարզաբանումը՝ Politico-ի հոդվածի մասին
- ԱՄՆ-ում կարծում են, որ Ադրբեջանը շուտով կհարձակվի Հայաստանի վրա. Գեղամյան