Խոսողներ շատ կան, չարախոսներ շատ կան, սակայն ծառայողները քիչ են. Արամ Առաջին
«Դպրեվանքում մենք նկարագիր պետք է կերտենք այս տղաների մեջ, որպեսզի այդ նկարագրով զորացած ու հարստացած գնան, ծառայեն մեր ժողովրդին»,- Անթիլիասի Դպրեվանքի 2023-2024 թթ կրթական-ուսումնական տարեշրջանի բացման ժամանակ հնչեցրած հայրապետական պատգամում ասում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
«Հաճախ եմ հիշեցնում, որ Դպրեվանքում մենք պատրաստում ենք այս պատանիներին, որ գնան, ծառայեն մեր ժողովրդին։ Մեր վկայականը ծառայությունն է, մեր արժեքը ծառայությունն է, ծառայությամբ է, որ Դպրեվանքը պետք է արժևորենք, ծառայությամբ է, որ մեր նկարագիրը պետք է արժևորենք։ Այսօր մենք որքան ունենք ծառայողների կարիքը։ Խոսողներ շատ կան, չարախոսներ շատ կան, սակայն ծառայողները քիչ են։
Ինչպես Ավետարանն է ասում՝ «կարիքները շատ են, սակայն մշակները քիչ»։
Մենք մշակներ պետք է պատրաստենք Դպրեվանքում․ հոգևորական, ուսուցիչ, մտավորական, որոնք կծառայեն մեր ժողովրդին բարձրագույն աստիճանի նվիրվածությամբ, մեր բարոյական, հոգևոր, ազգային արժեքեների հավատարմությամբ՝ իրենց արժեքը, իրենց մեծությունը միայն ծառայության մեջ տեսնելով»,- նշում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։