Ինձ մոտիվացնում է մեծագույն ցանկությունը՝ նվագել հանճարեղ ստեղծագործություններ. ջութակահարուհի Անուշ Նիկողոսյան
Ա.Խաչատրյան համերգասրահում այսօր Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի կունենա համերգ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, ջութակահար Անուշ Նիկողոսյանի, դաշնակահար Ռոբերտո Պրոսեդայի և Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմի մասնակցությամբ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Ա.Խաչատրյան համերգասրահի մամուլի ծառայությունից՝ ներկայացնելով հարցազրույց ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի հետ։
Ինչպե՞ս սկսեցիք ձեր ճանապարհորդությունը երաժշտության մեջ և ինչո՞ւ ընտրեցիք ջութակը։
Կարելի է ասել, որ պատահական էր այդ ընտրությունը։ 5 ու կես տարեկան էի, երբ ծնողներս որոշեցին ինձ ջութակի տանել։ Տանը միշտ եղել է երաժշտություն՝ և դասական և ոչ դասական։ Հայրս տանը միշտ նվագել է ակորդեոն և դաշնամուր։ Ունեինք սկավառակներ և լսում էինք դասական ստեղծագործություններ։ Օրերից մի օր տանը խոսակցություն եղավ այն մասին, որ ինձ ջութակի տանեն և այդ օրից սկսած ես կորցրեցի իմ հանգիստը և անդադար պնդում էի, որ շտապեն։ Եվ այդպես սկսվեց իմ ճանապարհը։
Երաժշտական արվեստը պահանջում է մեծ պրակտիկա և ինքնակարգապահություն։ Ինչպե՞ս եք մնում մոտիվացված և շարունակաբար կատարելագործվում ձեր արվեստում։
Ընդհանրապես, գործիքի տիրապետելը պահանջում է ամենօրյա քրտնաջան աշխատանք։ Իհարկե, փոքր հասակից միշտ եղել է այդ կարգապահությունը և ամեն օր երկար ժամեր եմ նվիրել մասնագիտությանս, բայց այս պահին մոտիվացված եմ մնում մեծագույն ցանկությամբ՝ նվագել հանճարեղ ստեղծագործություններ, որոնք գրված են և ջութակի, և կամերային գործիքակազմի համար։ Եվ դա կարելի է ասել իմ ամենամեծ մոտիվացիան է։
Հոկտեմբերի 16-ի համերգից մի փոքր խոսեք։ Ինչպե՞ս եք մոտենում ստեղծագործությունների մեկնաբանմանը։
Հոկտեմբերի 16-ին Երևանյան 15-րդ երաժշտկան փառատոնի շրջակներում շատ գեղեցիկ ծրագիր ենք ներկայացնելու։ Մենդելսոնի կրկնակի կոնցերտը ջութակի և դաշնամուրի համար, որտեղ դաշնամուր նվագելու է իտալացի դաշնակահար Ռոբերտո Պրոսեդան, ում հետ մենք այս ծրագիրը ամբողջությամբ մեկ ամիս առաջ նվագեցինք Իտալիայում։ Այնուհետև կհնչի Մանսուրյանի Ռոմանսը՝ ջութակի և լարային գործիքների համար և Մենդելսոնի հանճարեղ օկտետը՝ կրկին լարային կազմի համար։
Ի՞նչ կասեք համերգի երաժիշտների մասին, ինչպե՞ս է ընթանում համագործակցությունը նրանց հետ։
Այս համերգի երկրորդ բաժնում, մենք կնվագենք Մենդելսոնի օկտետը՝ գրված լարային կազմի համար, որտեղ ինձ հետ միասին կլինեն նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար հիանալի երաժիշներ։ Նրանց հետ այս ամբողջ աշխատանքային ընթացքը եղել է մեծագույն հաճույք։ Արդեն կան ապագա նախագծեր, որոնք նույնպես կիրականացնենք միասին։
Ինչպե՞ս է երաժշտությունն ազգում է ձեր անձնական կյանքի և ապրելակերպի վրա։
Ես ունեմ երկու երեխա, ընտանիք և գիտեմ, որ պետք է ժամանակ անցկացնեմ իրենց հետ։ Բայց այս պահին ցանկանում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել գործիքին և պարապելուն, քանի որ ցանկանում եմ նոր բաներ բացահայտել իմ գործիքի և մասնագիտության մեջ։ Ընդհանրապես, անձնական կյանքում և ընտանիքում ամեն ինչ ճիշտ է կազմակերպվում, եթե ունես օգնող մարդիկ, որոնց պակասը ես չունեմ և շնորհակալ եմ բոլորին, ովքեր միշտ պատրաստակամ են օգնել ինձ։
Այս դեպքում ես օրվա մի մասը նվիրում եմ իմ մասնագիտությանը, իսկ երեկոները՝ երեխաներիս։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան