Իրանը մտադիր չէ հակամարտության մեջ մտնել, քանի դեռ Իսրայելը չի հարձակվել նրա վրա
Իրանը մտադիր չէ ռազմական հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ՝ կապված Մերձավոր Արևելքում լարվածության աճի հետ, քանի դեռ հրեական պետությունը չի հարձակվել իսլամական հանրապետության վրա: ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում են ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունից։
«Իրանի զինված ուժերը չեն մտնի մարտի մեջ՝ պայմանով, որ իսրայելական ապարտեիդի ռեժիմը չհամարձակվի հարձակվել Իրանի, նրա շահերի և քաղաքացիների վրա: Դիմադրության ճակատը կկարողանա պաշտպանել իրեն», - նշել են դիվանագետները։
Կիրակի օրը Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Դոհայում Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Գազայի հատվածում խաղաղ բնակչությանը, հակամարտության մասշտաբները կարող են ընդլայնվել: Ավելի ուշ Al Jazeera-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Իսլամական Հանրապետությունը միջնորդների միջոցով նախազգուշացրել է հրեական պետությանը պաղեստինյան անկլավի վրա հետագա հարձակումներից: