Իրանի ամենահայտնի կինոռեժիսորներից մեկին կնոջ հետ մահացած են գտել
Իրանի ամենահայտնի կինոռեժիսորներից մեկին՝ Դարիուշ Մեհրջուին, մահացած են գտել կնոջ կողքին։
Այս մասին գրում է BBC-ն ու մանրամասնում, որ 83-ամյա տղամարդուն և Վահիդե Մոհամմադիֆարին դանակի վնասվածքներով հայտնաբերվել են շաբաթ երեկոյան մայրաքաղաք Թեհրանի մերձակայքում գտնվող իրենց տանը։
Մեհրջուին համարվում էր իրանական կինոյի նոր ալիքի հիմնադիրներից մեկը։ Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ մահացածների սպանության հետ կապված չորս մարդ է հայտնաբերվել։
Իրավապահների փոխանցմամբ, Մեհրջուին իր դստերը հրավիրել էր այցելել Քարաջ քաղաքում գտնվող իր տուն՝ շաբաթ երեկոյան ընթրելու: Երբ դուստրը ժամանել է, հայտնաբերել է ծնողների մարմիններն անշնչացած։
Հաղորդվում է, որ կինոռեժիսորի կինը՝ Մոհամմադիֆարը, որը սցենարիստ է և զգեստների դիզայներ, վերջերս բողոքել էր, որ իրեն սպառնացել են և տունը կողոպտել։
Մեհրջուին երիտասարդ տարիքում ուսանել է ԱՄՆ-ում, իսկ հետո հինգ տարի ապրել Ֆրանսիայում։ Նա առաջին անգամ ազգային և միջազգային ճանաչում է ձեռք բերել 1969 թվականին նկարահանված իր «Կովը» ֆիլմով, որը պատմում է այդ կենդանու նկատմամբ գյուղացու մոլուցքի մասին: Նրա մյուս ամենաուշագրավ ֆիլմերից են «Համունը», «Տանձի ծառը» և «Լեյլան»։ Վերջինն անպտուղ կնոջ մասին է, որը խրախուսում է ամուսնուն երկրորդ անգամ ամուսնանալ: