Նախագծային շեղումներով շինարարությունը մեծ խնդիրներ է առաջացնելու կառուցապատողների համար. Ավինյան
«Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից նախորդ շաբաթ կազմվել է 10 արձանագրություն»,-Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը՝ զեկուցելով մայրաքաղաքում գտնվող բազմաբնակարան շենքերի և այլ օբյեկտների շինաշխատանքների նկատմամբ վերահսկողկան աշխատանքները:
Նա տեղեկացրեց, որ արձանագրություններից 3-ը ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերն են, իսկ 7-ը՝ շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերը:
Վարչության պետը հիշեցրեց, որ արդեն ուժի մեջ է մտել օրենսդրական այն փոփոխությունը, որն իրենց թույլ է տալիս տուգանել այն կառուցապատողներին, որոնք առանց շահագործման թույլտվության փաստացի շահագործում են իրենց շենք-շինությունները :
Յակով Ասատրյանի խոսքով՝ առաջին տուգանքը կազմի 500-700 հարյուր հազար դրամ, իսկ տուգանքից հետո գործունեությունը շարունակելու դեպքում՝ 1-1,5 մլն դրամ:
«Այսինքը, որպեսզի մի փոքր թարգմանենք ասվածը՝ սա նշանակում է, որ այն կառուցապատողները, որոնք չունեն ավարտական ակտեր և շահագործման թույլտվություններ, իրենք ենթարկվելու են պատասխանատվության»,-արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա հայտնեց, որ նախկինում փաստացի շահագործվում էր, քանի որ պատիժ չկար դրա համար:
«Հիմա հարգելի գործընկերներ, սիրելի կառուցապատողներ, հուսով եմ՝ այս կարևոր տեղեկատվությունը բոլորիդ կհասնի: Մենք նոր շրջափուլ ենք մտնում, որ բոլորը պետք է հանեն իրենց ավարտական ակտերը»,-հայտարարեց Երևանի քաղաքապետը և հավելեց. «Սա ևս մեկ անգամ նշանակում է, որ նախագծային շեղումներով շինարարությունը մեծ խնդիրներ է առաջացնելու կառուցապատողների համար: Հետևապես խնդրում ենք, հորդորում ենք, որ մնալ ձեր նախագծային փաստաթղթերի շրջանակներում և իրականացնել այն նախագծերը, որոնք դուք պարտավորվել եք քաղաքապետարան ներկայացրած փաստաթղթերով»:
Հարակից հրապարակումներ`
- Ինձ ուղարկեք գրության համարը, ես անձամբ կզբաղվեմ դրանով. Տիգրան Ավինյան
- Ավինյան. Քաղաքապետարանը լրագրողների ու այլ պաշտոնյաների հանդիպման վայր չէ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան