Հենց հերթը հասնում է ուսուցչին՝ բյուջեն սո՞ւղ է. Շողեր Բաբայան
Սեպտեմբեր ամսին Երևանի, մարզերի տարբեր դպրոցներում աշխատող ուսուցիչները մի քանի բողոքի ակցիաներ իրականացրեցին։ Ինչպես իրենք էին ասում՝ համբերության բաժակը լցվել է կրթության ոլորտում անընդհատ տեղի ունեցող «բարեփոխումներից»։ Ուսուցիչները հանդիպում էին պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպում այդպես էլ չկայացավ, սակայն ուսուցիչներն էլ լռեցին։
Panorama.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից ուսուցչուհի Շողեր Բաբայանն ասաց, որ իրենց պասիվությունը պայմանավորված է երկրում տիրող իրավիճակով։
«Երկրում ստեղծված վիճակին գիտակցաբար ենք մոտենում, չենք ուզում տպավորություն լինի, թե ուսուցիչներն այս երկրում թողել են ամեն ինչ ու մտածում են իրենց աշխատավարձի մասին, բայց դա էլ է կարևոր հարց»,- նշեց նա։
Շ. Բաբայանը տեղեկացրեց, որ իրենք այս ընթացքում ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների հետ որևէ հանդիպում չեն ունեցել, ակնկալիք էլ չունեն նախարարությունից, քանի որ նրանց հրապարակային հայտարարություններն ու հետո կատարած քայլերը, կրկին հրապարակային հայտարարությունները հակասում են իրար։
Նման հակասությունների մի քանի օրինակ բերեց ուսուցչուհին. «e-draft-ում տեղադրված է նախագիծ, որպես առաջարկ ներկայացրեցի փոխել ուսուցչի գործակիցը 1.152-ից դարձել 2.0։ Բացի ինձանից, շատ այլ ուսուցիչներն ևս նման առաջարկ էին արել։ Բոլորս նույն պատասխանն ենք ստացել՝ բյուջեն սուղ է։ Այսինքն, հենց հերթը հասնում է ուսուցչին՝ բյուջեն սո՞ւղ է։
Անցած տարի նոյեմբերին մենք հանդիպում ունեցանք Ժաննա Անդրեասյան փոխնախարարի հետ։ Առերես հանդիպման տեսագրությունը կա։ Հարցնում եմ՝ եթե 35 հազար ուսուցիչ կամավոր ատեստավորման հայտ ներկայացնի ու 35 հազարն էլ հաղթահարեն անցողիկ շեմը, բոլորին տրվեն բարձր աշխատավարձ ու հավելավճար՝ արդյո՞ք պետությունը պատրաստ է դրան, ասաց՝ այո, պատրաստ է, այդ բյուջեն ունենք։
Կամավոր ատեստավորման աշխատավարձն ավելի բարձր է սահմանվելու, քան այն 2.0 գործակիցը, որը մենք էինք առաջարկում ու պարզվեց՝ բյուջե չունեն։
Շատ մեծ ու անտրամաբանական հակասություն է. փոխնախարարը 50-60 ուսուցչի առաջ նման հայտարարություն իրեն թույլ է տալիս՝ շատ լավ իմանալով, որ ձայնագրվում է ողջ ընթացքը։ Այսինքն, ստացվում է՝ հանրության առաջ ասաց ունենք այդ բյուջեն ու այսօր նորից հանրային կայքէջում իրենք գրում են՝ չկա այդ բյուջեն, սուղ է։
Մենք էլ ենք շոկի մեջ այդ պատասխանից, փորձում ենք հասկանալ այս երկու ինֆորմացիաները ոնց ենք մարսելու, ոնց ենք համադրելու, ո՞վ մեզ պատասխան կտա, թե ինչու են այս երկու ինֆորմացիաներն այսքան տարբերվող։
Մեկ այլ օրինակ. այդ նույն հանդիպմանն առաջարկեցինք անպայման լինեն շտեմարաններ, դրանց պարունակությունը պետք է տեղում համակարգչով գեներացվի որպես թեստ, այսինքն թեստերը մարդիկ չպետք է ստեղծեն, տվյալ պահին գեներացվեն, որպեսզի թեստերի արտահոսք չլինի, կոռուպցիա չլինի։ Իրենք հենց այդ պահին, կարծես թե, համաձայնվեցին, մեր՝ այդ պահին ներկայացրած դիմումին էլ պատասխանել էին, որ կառացողական են մեր առաջարկները։
Այս տարվա մարտի վերջին, ապրիլի սկզբին նորից դիմում ենք արդեն նախարար Ժաննա Անդրեասյանին՝ հասկանալու՝ ինչ եղան շտեմարանները։ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը մեզ պատասխանում է, չգիտեմ՝ իրենք իրար հետ քննարկել էին, թե ոչ, նման գործառույթ չի էլ պլանավորվում, այսինքն՝ այս ի՞նչ եք ասում։
Հունիսին ուսուցիչներից մեկը ԳԹԿ է գրում, թե շտեմարաններն ի՞նչ եղան, ինչո՞ւ չկան, պատասխանեցին, որ նման բան բացարձակ չի պլանավորվում։ Հուլիսին դիմում ենք Ժաննա Անդրեասյանին, ասում է՝ շտեմարաններն ընթացքի մեջ է։ Հակասող բան է ստացվում՝ մեկն ասում է ընթացքի մեջ է, մեկն ասում է բացարձակ չկա նման բան, իսկ սեպտեմբերին, երբ կառավարության մուտքի մոտ փոխանցեցինք նամակը, դրա պատասխանում նշվում է, որ շտեմարաններն այս տարվա սկզբից արդեն իսկ ստեղծվում են։ Մարդկանց անընդհատ թյուրիմացությանի մեջ են գցում, լարվածության մեջ են պահում։
Այսինքն՝ հրապարակային արտահայտվում են, բայց իրենց խոսքերը բացարձակապես իրար չի բռնում։ Նման բաներ շատ կան, որոնք հավաքագրվում ենք, հասկանալու՝ ով պետք է պատասխան տա այս ամեն ինչի համար, ո՞նց պետք է տան, ինչո՞ւ են մեր նյարդերի հետ այսքան խաղում»։
Շ. Բաբայանն ասաց, որ իրենց միակը կետը մնացել է կառավարությունը, բայց մինչև կառավարություն դիմելը, որոշակի գործողություններ են պլանավորում անել, որոնց մասին դեռ չի բարձրաձայնի։
«Մենք պատրաստում ենք փաթեթ, որպեսզի ներկայացնենք կառավարություն ու պահանջենք հրավեր։ Մենք կետ առ կետ կներկայացնենք մեր առաջարկները, բողոքը։ Նույն բանի համար տաս անգամ ծամծմած պատասխան ենք ստացել»,- նշեց նա։
Շողեր Բաբայանը հայտնեց, որ խումբ է ձևավորվել, որոշակի հանդիպումներ են ունենում, արդեն սկսել են փաթեթի վրա աշխատանքները. «Ընթացքն ավելի լուրջ կլինի, մի երկու քայլից բոլորն էլ կհասկանան՝ ինչ ենք անում»։
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրը նվազեցրեց ուսուցիչների մեկ դրույքի դասաժամերի քանակը
- Չենք լռելու, ուսուցիչները ոգևորված են, կրակը վառված է. Շողեր Բաբայան
- Ժաննա Անդրեասյանը խնդրել է ուսուցիչներին հնարավորինս կոնկրետ ձևակերպել իրենց առաջարկները
- Թմբիրից արթնացել է ուսուցիչը, բավական է․ ուսուցիչ
- Պետք է ոչ թե շատախոսել, այլ ճիշտ լուծում գտնել, որ լավ լինի երեխային, ծնողին, ուսուցիչն էլ սիրով աշխատի. մեթոդիստ
- Ուսուցիչը չի կարող միայն աշխատել ու վիրավորվել. Նունե Գալստյան
- Այո, 35 000 ուսուցիչ պատրաստ է ազատման դիմում գրել. Շողեր Բաբայան
- Ուսուցիչ. Ուսումնական տարին սկսել է, բայց չկան ոչ թեմատիկ պլան, ոչ դասագրքեր
- Շողեր Բաբայան. Ուսուցիչը համբերությունից դեռ այսքան դուրս չէր եկել
- Քանի՞ ուսուցիչ է 400 հազար դրամ ստանում. Գալստյանը՝ ԿԳՄՍ նախարարին
- Ծիծաղո՞ւմ եք դուք մեր վրա. Ուսուցիչների բողոքի ակցիան ԿԳՄՍՆ մոտ
- Ուսուցիչը մեկ օր անգամ չի կարողանա դիմանալ առանց գնահատման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան