Ռուսական թատրոնը վերադարձել է միջազգային թատերական փառատոներից
Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երեք ներկայացում գրեթե միաժամանակ մեկնել էր տարբեր առաջատար միջազգային թատերական փառատոների։ Թատրոնին հաջողվել է ոչ միայն պատվով ներկայացնել Հայաստանը, այլ նաև արժանանալ փորձագետների դրվատանքին։ Ռուսական թատրոնի մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ օտարազգի հանդիսատեսն ամենուր առանձնակի ջերմությամբ է ընդունել հայ դերասանների խաղը․ չդադարող օվացիաներ, «բռավոների» տարափ։
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը թատրոնը մասնակցել է Ղազախստանում անցկացվող «ՏեԱՐՏ-Կոկշե» («TeART-Kokshe») միջազգային թատերական V փառատոնին (ք․ Կոկշետաու)՝ Կ. Միտանիի «Ծիծաղի ակադեմիա» ներկայացումով, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։ Ներկայացումը ցուցադրվել է ս/թ հոկտեմբերի 1-ին Ակմոլինսկու տարածաշրջանային ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։
«ՏեԱՐՏ-Կոկշե» փառատոնին այս տարի ցուցադրվել է 17 ներկայացում՝ 5 երկրից:
Սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 7-ը թատրոնը մասնակցել է Խաղաղօվկիանոսյան միջազգային թատերական II փառատոնին (ք․ Վլադիվոստոկ)՝ Ջ․ Գոլդմենի «Թագավորների խաղերը» ներկայացումով (բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան)։ Ներկայացումը ցուցադրվել է ս/թ հոկտեմբերի 6-ին և 7-ին Պրիմորսկու Մ.Գորկու անվան ակադեմիական տարածաշրջանային դրամատիկական թատրոնի բեմում։
Փառատոնին այս տարի ցուցադրվել է 10 ներկայացում՝ 8 երկրից:
Հոկտեմբերի 6-ից 11-ը թատրոնը մասնակցել է «Հայրենակիցներ» («Соотечественники») ռուսական դրամատիկական թատրոնների XVI միջազգային փառատոնին ք․ Սարանսկ (Մորդովիա)՝ Դ. Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» ներկայացումով, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։
Ներկայացումը ցուցադրվել է հոկտեմբերի 11-ին Մորդովիայի հանրապետության պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։ Փառատոնին այս տարի ցուցադրվել է 7 ներկայացում՝ 6 երկրից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին