«Ժողովուրդ». Հայկ Մարությանի գործերը փորփրում են իրավապահները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տարբեր առիթներով գրել է, որ Հայկ Մարությանի օրոք բազմիցս եղել են չարաշահումներ, որոնց մի մասի մասին նախկին քաղաքապետն իմացել է, մի մասի մասին էլ չի տեղեկացել թերևս այն պատճառով, որ հաճախ չէր ներկայանում աշխատանքի:
Մասնավորապես, հայտնի է, որ աղբատար մեքենաների դիմաց քաղաքապետը շինթույլտվություններ բաժանեց տարբեր գործարարների, հետո խոստովանեց այդ մասին, սակայն այդ մեքենաներից շատերն անսարք վիճակում հայտնվել են Երևանի քաղաքապետարանի ավտոպարկում։
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները երեկ մի քանի հետաքրքիր տվյալներ փոխանցեցին: Մասնավորպես, 2019-2021 թվականներին Երևան քաղաքի վարչական շրջաններին չի տրամադրվել 50 հազար 501 խորանարդ մետր ասֆալտի տաշվածք, որն արժեցել է շուրջ 288 մլն դրամ։ Չհիմնավորված կամ առերևույթ չկատարված 23 հազար 827 քառակուսի մետր ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքների համար էլ ավել է վճարվել 84 մլն դրամ։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների՝ հենց Մարությանի օրոք են կատարվել գնումներ, որոնք եղել են այլ բան, սակայն գրանցվել է որպես ասֆալտապատում և այդ նպատակով հատկացվել է 178 մլն դրամ։ Այս գործարքը եղել է ձմռանը և ոչ ոքի մոտ կասկած չի առաջացել՝ ինչպես է ստացվում, որ ամռանն ամիսներով երկարաձգվում է ասֆալտապատումը, իսկ ձմռանը ասֆալտապատման համար միլիոններ է հատկացվում։ Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով մեկնաբանություններ ստանալ Մարությանից, բայց, ինչպես միշտ, նա անհասանելի է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում