«Ժողովուրդ». Արցախի իշխանությունները հրահանգել են ՊԲ-ում ծառայածներին այրել զինվորական գրքույկները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Արցախի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչների: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք:
Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, որից հետո Արցախից ՀՀ տեղափոխվեցին բռնի տեղահանված քաղաքացիներ:
Տեղափոխումը տեղի է ունեցել ճնշումների ազդեցության տակ: Քիչ չեն համացանցում հայտնված այն հոլովակները, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունները զենքի սպառնալիքով ստիպում էին արցախահայությանը անել այս կամ այն գործողությունը։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Արցախի իշխանությունները հրահանգել են՝ սահմանն անցնելուց առաջ բոլոր նրանք, որոնք ծառայել են Պաշտպանության բանակում, այրեն զինվորական գրքույկները հնարավոր տհաճություններից խուսափելու համար։ Մասնավորապես, նրանց ասվել է, որ եթե Հակարիի կամրջի մոտ տեսնեն զինվորականի, կգերեվարեն, ու ստիպված Արցախի նախկին և ներկա զինծառայողները մասսայաբար վառել են իրենց զինվորական գրքույկները:
Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել են բազմաթիվ արցախահայեր, ուղղակի անվտանգությունից ելնելով՝ անունները չենք հրապարակում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում