«Հրապարակ». Հրամանագիրը ստորագրվել է պարտադրված, սպառնալիքների ներքո
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ գործընթաց է սկսում նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը չեղարկելու դեմ, նրա հայտարարությունների հիմքով քրեական գործ է հարուցվել` զինվորական պաշտոնեական անփութության և «մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու» հոդվածներով։ Մեղադրյալներ այս պահին չկան: ՀՀ իշխանություններն այս գործը սրի պես կախած կպահեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գլխին, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություններ սկսել։
Ինչ վերաբերում է Շահրամանյանի` սեպտեմբերի 28-ին ստորագրված հրամանագրին, որով լուծարվում են ԼՂ պետական կառույցները, Արցախի Հանրապետությունը հունվարի 1-ից դադարում է գոյություն ունենալ, Շահրամանյանը դեռ չի պարզաբանել, թե ինչ հանգամանքներում է այն ստորագրել։
Հայտնի է միայն, որ մինչ այդ նա ԱԽ նիստի շրջանակում հանդիպել է Արցախի նախկին նախագահների հետ։ Մեր աղբյուրներն ասում են, որ մինչև ստորագրելը արցախյան ղեկավարները քննարկել են այն և գիտեն, որ այն իրավական ուժ չունի` հակասահմանադրական է, քանի որ Արցախի նախագահը չի կարող, դիցուք, դատական իշխանությունը լուծարել, իսկ հանրապետությունը լուծարել կարող է միայն ժողովուրդը՝ հանրաքվեով։
Իրականում այն պարտադրված է ստորագրվել` Ալիևի սպառնալիքների ներքո, որ Ադրբեջանի զինուժը չմտնի Ստեփանակերտ, և բնակչությանը թույլ տան հեռանալ։ Իսկ Ալիևի ինչի՞ն է պետք մի որոշում, որն իրավական ուժ չունի: Մեզ ասացին` քարոզչական նպատակներով օգտագործելու համար: Այն, փաստորեն, նաև Փաշինյանն ու իր թիմն է օգտագործում քարոզչական նպատակներով` Արցախի հանձնումը գցելով Շահրամանյանի և մյուսների «գրպանը»։ Հիմա, երբ Արցախի իշխանության ներկայացուցիչները հավաքվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, Փաշինյանը, վախենալով հնարավոր զարգացումներից, նրանց դեմ նոր զենքեր է գործի դնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում