Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել
Չնայած հայտնի ռեփերը Երևանում ելույթ չի ունեցել, սակայն նրան փոխանցվել է ողջ հոնորարը։ Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել ու չի վերադարձնի։
«Երբ լարվածությունը Հայաստանում ու Հայաստանի շուրջ թեթևանա, ամեիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Սնուփ Դոգը կգա, հետաձգված համերգը կտա ու կգնա»,-«Հրապարակ»-ին ասել է «Դոպինգ սփեյս» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկի որդին)։
Ըստ նրա՝ մեգաաստղը կարող էր ընդհանրապես հրաժարվել ելույթից ու ասեր՝ փողը տվել եք, հետո ասել՝ մի արի, ես էլ չեմ եկել։ Բայց չէ, ինքը չի հրաժարվում․պատրաստ է այստեղ երգել, միայն թե ազատ օրեր ունենա։
«Ես խնդիր չունեմ ելույթ ունենալու, հասկանում եմ՝ ինչ իրավիճակ է երկրում։ Ցավում եմ ձեզ պատուհասած դժվար իրավիճակի համար։ Շատ լավ կլիներ, որ հանգիստ լիներ, գայինք, ժողովրդի հետ ուրախանայինք, բայց եթե վիճակն այդպիսին է, ոչինչ, երբ հանդարտվի ու գտնեք, որ հարմար պահ է, հրավիրեք, ես կգամ` անվճար կերգեմ ու կգնամ»,-փոխանցել է Պետրոսյանը՝ Դոգի հետ զրույցից։
Սնուփ Դոգի մասնակցությամբ համերգային շոուի համար պետությունը 6 մլն դոլար էր տրամադրել։ Լուրեր էին շրջանառվում, որ 6 միլիոնից 1,8 միլիոնը Սնուփ Դոգի հոնորարն է, ևս 250 հազար ռայդերի գումարն է` ուտելիք, հյուրանոց, մեքենաներ և այլն: Որքան հասկացանք` հոնորարը նա ստացել է:
«Գումարը հետ չի վերադարձրել ու չի վերադարձնի»,-ասել է Մակար Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սնուփ Դոգի համերգը հետաձգվել է
- Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությունը հանդես կգա հայտարարությամբ
- Սնուփ Դոգի միջոցառումը չեղարկելու հանրագիրը հանձնվել է Կառավարությանը
- Սնուփ Դոգ. Իմ սիրելի հայեր, մտքերով ձեզ հետ եմ