Ահաբեկչության ենթարկված Բրյուսելից մանրամասներ է հայտնում Դավիթ Պիպոյանը
Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանն իր հայ գործընկերների հետ այս օրերին Բելգիայի մայարաքաղաքում է՝ մասնակցելու Եվրոպական գիտության և տեխնոլոգիաների համագործակցության COST ծրագրի կառավարման կոմիտեի նիստին։
Panorama.am-ը Դավիթ Պիպոյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ է կատարվում ահաբեկչական գործողության ենթարկված Բրյուսելում։ Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով սպանվել են շվեդ երկրպագուներ, որոնք Բեգիա էին եկել դիտելու Եվրո-2024-ի ընտրական փուլի Բելգիա-Շվեդիա ֆուտբոլային հանդիպումը։
Panorama.am-Ահաբեկչությունից հետո ի՞նչ է կատարվում փողոցներում։
Դավիթ Պիպոյան-Երեկոյան որոշել էինք զբոսնել քաղաքում։ Շվեդ երկրպագուները շատ անհոգ երգում, պարում, գարեջուր էին խմում։ Մենք, բնական է, խոսում էինք ինչպես մեր երկրի խնդիրներից, այնպես էլ տարածաշրջանային մարտահրավերներից։ Կոլեգաներիս հետ երանությամբ նայում էինք իրենց անհոգ կյանքին, երբ մի քանի ժամ հետո տեղեկացանք դեպքի մասին:
Շատ արագ ահաբեկչության բարձր ռիսկ հայտարարվեց, քանի որ վնասազերծված չէր կազմակերպիչը։ Առավոտյան անգամ խոսակցություններ կային, որ հնարավոր է ցամաքային սահմանը փակեն։ Առավոտյան, երբ պետք է գայինք միջոցառման, կային տրանսպորտի ուշացումներ, չեմ կարող ասել դեպքի հետ էր կապված, թե ոչ։ Բայց երբ եկանք աշխատաժողովի, մեզ արդեն տեղեկացրին, որ արդեն վնասազերծվել է կազմակերպիչը, և ամենայն հավանականությամբ շուտով կնվազեցնեն ռիսկի մակարդակը։
Panorama.am-Ի՞նչ կարծիքներ են հայտնել տեղի ունեցածի մասին միջոցառման եվրոպացի մասնակիցները։
Դավիթ Պիպոյան-Եվրոպայում ռիսկի ընկալման ավելի բարձր մակարդակ կա, քան Հայաստանում։ Վստահ եմ դա պայմանավորված է, որ մեր տարածաշրջանում շատ ավելի են մարտահրավերները, իսկ ԵՄ տարածքում մարդիկ ավելի խաղաղ կյանքի են սովորել տարիներ շարունակ։