Երբ 100 հազար հայ փախչում էին ԼՂ-ից Հայաստան, մեր դաշնակիցները իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում․ Փաշինյան
«Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում»,- Ստարսբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Բայց, նրա խոսքով, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համախմբվեց հանուն սեփական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության և մեր պետության դեմ նյութված հերթական դավադրությունը ձախողվեց։
«Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100 հազար հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ և պետք է արձանագրեմ, որ մենք այդ գործը պատվով կատարեցինք:
Այն աստիճան, որ միջազգային մեր գործընկերները խոստովանում են, որ իրենք չեն տեսել մի դեպք, երբ մեկ շաբաթում մի երկիր 100 հազար փախստական մտնի եւ այդ երկիրը կարողանա բոլորին ընդունել առանց փախստականների ճամբարներ եւ վրանային ավաններ հիմնելու: Մենք դա կարողացանք անել Հայաստանի ժողովրդի ու ժողովրդավարության շնորհիվ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, որին հաջորդեց ներկաների ծափահարությունները։
Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։