«Ժողովուրդ». Սամվել Բաբայանին կհրավիրեն քննչական կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին օրերս կհրավիրեն ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության:
Արդյոք իրավապահ համակարգը համարձակություն կունենա՞ հարց բարձրացնելու, թե ով էր Սամվել Բաբայանին մանդատ տվել ՀՀ կամ Արցախի իշխանության թիկունքում հակառակորդի հետ բանակցելու հարցում, որն, ըստ էության, պետական դավաճանության տարրեր է պարունակում: Բանն այն է, որ Արցախի նախկին ԱԽ Սամվել Բաբայանը Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո շտապել էր Հանրային հեռուստաընկերություն և մի շարք աղմկահարույց հայտարարություններ արել, որոնք կա՛մ վրիպել են հայրենի իրավապահների աչքից, կա՛մ էլ պարզապես ցանկություն չունեն իշխանությունների սիրելի Սամվել Բաբայանի հայտարարությունների մասով քրգործ հարուցել:
Այսպիսով, Հանրայինին տված իր հարցազրույցում Սամվել Բաբայանը հայտարարել էր, թե ինքը քողարկված բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ, ավելին՝ ինչպես ինքը հայտարարեց, որոշ հարցերի շուրջ արդեն համաձայնության են եկել Ադրբեջանի հետ: «Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք ավտոնոմ ռեսպուբլիկայի շուրջ, կետ առ կետ գրած էր (23 կետ)։ Ադրբեջանը համաձայնել էր»,-ասել էր Բաբայանը: Նա նաև ասել էր, որ Արցախի 3 նախագահներն էլ պետք է կալանավորվեն, ու հենց այդպես էլ արեց Բաքուն:
Հետաքրքիր է, որ այս ընթացքում Բաբայանը որևէ պաշտոն չէր զբաղեցնում ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ Արցախում, ուստի որևէ իրավասություն չուներ բանակցություններ վարելու, այն էլ՝ թշնամի երկրի հետ: Ուստի հարց է առաջանում՝ ո՞վ է Սամվել Բաբայանին մանդատ տվել, որ թշնամու հետ բանակցություններ վարի, իր հարցազրույցում էլ նա չէր բացահայտել դա: Հաշվի առնելով, որ Արցախում Սամվել Բաբայանը ոչ ընդունելի և անհասկանալի կերպար է, դժվար թե ԱՀ իշխանությունները նրան այդ կարևոր հարցը վստահեին, մյուս կողմից էլ՝ եթե հաշվի առնենք Նիկոլ Փաշինյանի հետ նրա մտերմությունը, թերևս բացառվում է, որ առանց նրա գիտության Սամվել Բաբայանը բանակցություններ վարեր:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հնչեցրած հայտարարությունների ու հաղորդման հիման վրա, քրեական գործ է հարուցել: Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝ Քրեական օրենսգրքի 550 հոդվածով («Զինվորական պաշտոնեական անփութությունը», որը սահմանում է՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը), ինչպես նաև Քրեական օրենսգրքի 550 հոդվածով («Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը», որը սահմանում է՝ առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը)։
Կարճ ասած, հող են նախապատրաստում քաղաքական իշխանությունները, որ Բաքվի բանտից եթե Արցախի 3 նախագահները Հայաստան գան, Հայաստանում անմիջապես կալանավորվեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում