Ո՞վ և ե՞րբ պետք է վճարի արցախցիների կենսաթոշակները
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված ու Հայաստանում հաստատված շուրջ 21 հազար արցախցի ամբողջ ընթացքում ստանում էին իրենց կենսաթոշակներն Արցախի կառավարության ֆինանսավորմամբ։ Հիմա ո՛չ նրանք են ստանում, ո՛չ էլ վերջին իրադարձություններից հետո բռնի տեղահանված ու ՀՀ տեղափոխված շուրջ 101 հազար արցախցիները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։
Աղբյուրը նշում է՝ հոկտեմբերի 1-ից Արցախից բռնի տեղահանված թոշակառուները չեն ստանում իրենց կենսաթոշակները, իսկ այնտեղի պետական աշխատողները` աշխատավարձերը։ Հարցը մինչ օրս օդում կախված է։
Վիրաբյանը ընդգծեց` կան նաև մարդիկ, որոնք շրջափակումից առաջ և շրջափակման ընթացքում են Հայաստանում հայտնվել` ուսանողներ, հիվանդներ և այլն, որոնք հասկանալի պատճառներով տուն վերադառնալ չեն կարողացել։ Այդ մարդիկ այսօր հաշվառման խնդիր ունեն։
«Պատկերացնում եմ նաև այն քաղաքացիները, որոնք ինչ–որ պատճառով դեռ չեն դիմել շտաբ իրենց փաստաթղթերին տեր կանգնելու, տեղեկանքներ, կրկնօրինակներ վերցնելու, վաղը չէ մյուս օրը գալու են իրենց կենսաթոշակային գործերի հետևից։ Ի՞նչ պատասխան ենք տալու, ասելու ենք` դուք այլազգի եք, եկել եք, չի ստացվել։ Ասելու ենք, թե ձեզ փախստականի կամ բռնի տեղահանվածի կարգավիճակով տալիս ենք սոցիալական օգնություն, բայց չէ՞ որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները երկար տարիներ միասնական աշխատավարձային և սոցիալական քաղաքականություն են վարել։ Ես պատկերացնում եմ, որ դա պետք է հիմք ընդունվի և այդպես շարունակվի։ Մենք պարտավոր ենք վերականգնել կենսաթոշակային գործերը»,– նշել է Վիրաբյանը։
Շեշտել է` կարևոր է նաև աշխատանքային փորձը հաշվի առնելը` ստաժի հաշվարկման առումով։ Նրա կարծիքով` բոլոր այս հարցերը կարգավորելու համար պետք է բարձր մակարդակով հանդիպում կայանա, կոնկրետ քաղաքականություն որոշվի, մշակվի։
Ներկայում շտաբ դիմում են և՛ պետական աշխատողները` աշխատավարձերի ստացման համար, և՛ կենսաթոշակ, նպաստ կամ զինվորական թոշակ ստացողները։ Դիմում են համապատասխան տեղեկանքներ և փաստաթղթերի կրկնօրինակներ ստանալու համար։
Sputnik Արմենիան այս հարցերով դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, պարզելու` ինչ քայլեր են ձեռնարկվում խնդրին լուծում տալու համար։ Մեզ հայտնեցին, որ քննարկումներ են ընթանում, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին։
Միքայել Վիրաբյանը վստահեցրեց` մինչ օրս ՀՀ սոցապ նախարարությունից չեն հայտնել, թե ինչ աշխատանքներ են տարվում կամ նախապատրաստվում, ոչ էլ հրավեր է եղել քննարկումներին մասնակցելու։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան