Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն
Ներկայում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն։ Հիվանդացության աճն արձանագրվել է բոլոր մարզերում և Երևան քաղաքում։ Ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ շտապ օգնության կանչերում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են, որ հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 1․3 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 1․6 անգամ։ Վերլուծությունն ըստ տարիքային խմբերի փաստում է, որ հիվանդացության 70 տոկոսն արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում, որից 57 տոկոսը՝ 0-4 տարեկանների շրջանում։
ՀՀ-ում դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում նշված շաբաթվա ընթացքում շնչառական նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Այլ շնչառական վարակներից հայտնաբերվել են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի և SARS-COV-2-ի հարուցիչներ։
«Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն/ամբուլատորիաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել պոլիկլինիկա/ամբուլատորիա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում։ Պատվաստումները կատարվում են՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին, մասնավորապես՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զորակոչի ենթակա անձինք, փակ կազմակերպություններում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:
Սուր շնչառական վարակներով, չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.
• Պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով առաջնային առողջության պահպանման կազմակերպություն,
• խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
• եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ աշտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
• մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
• հագնվե´ք եղանակին համահունչ,
• պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
• հետևե´ք անձնական հիգիենային»,- նշում են կենտրոնից։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերն աճել են 95-ով
- Կորոնավիրուսի նոր շտամ Հայաստանում. Ի՞նչ է անում ԱՆ-ն դրա տարածումը կանխելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան