Վերամբարձ կռունկն ընկավ մարդկանցով լի մեքենայի վրա. Փախուստի ճանապարհի հիշողությունները
Այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանը վերահսկողություն սահմանեց ամբողջ Լեռնային Ղարաբաղի վրա, որը դե ֆակտո 30 տարի վերահսկվում էր ԼՂ մեծամասնությամբ էթնիկ հայ բնակչության կողմից:
HRW-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից մեկօրյա դաժան մարտերի հետևանքով արցախցիների փախուստին։ Նրանց թվում է Ագնեսան և նրա ընտանիքը։
Ագնեսա Ավանեսյանը 22 տարեկան է, սև շապիկով, որի վրա գրված է «Be Happy»։ Նա ամաչկոտ ժպտում է Հայաստանի հարավում լեռնային գյուղերից մեկում՝ Տաթևում փայտե սեղանից այն կողմ։
Նա ծնողների, պապիկի ու չորս քույր-եղբայրների հետ Լեռնային Ղարաբաղից եկել է սեպտեմբերի 28-ին։ Նրանք հիմա ապրում են հարազատների մոտ, բոլորով տեղավորվել են փոքրիկ տան մեջ։ Նրանք էլ հազարավոր հայերի նման լքեցին Լեռնային Ղարաբաղը, երբ Ադրբեջանը կրկին վերահսկողության ներքո վերցրեց այն։
Ագնեսան և նրա 18-ամյա քույրը՝ Ամանդան, ապրում էին Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի ամենամեծ քաղաքում։ Ագնեսան, որը վերջերս է ավարտել համալսարանը, դասավանդում էր այնտեղ դպրոցում, իսկ սեպտեմբերին Ամանդան առաջին անգամ համալսարան գնաց։
Սեպտեմբերի 19-ի վաղ կեսօրին, երբ ադրբեջանական ուժերը հարձակվեցին, քաղաքը հոսանքազրկվեց, և հեռախոսները դադարեցին աշխատել։ Քույրերը հուսահատված էին և չգիտեին՝ ինչ անել։ Նրանց ողջ ընտանիքը Խնձրիստանում էր՝ 24 կիլոմետր հեռավորության վրա: Նրանք գիշերն անցկացրել են հիվանդանոցի նկուղային ապաստարանում՝ դողալով պայթյունների ձայներից, սոված ու մրսած։
Ագնեսան նկարագրում է ճանապարհի բազմաթիվ դժվարությունները՝ սկսած առաջին, ցուրտ ու անձրևոտ գիշերից.
«Ինչ տաք հագուստ կարողացավ մեր ընտանիքը հավաքեց տրակտորի մեջ, որը վարում էր պապիկը: Մենք ամբողջ գիշեր դողում էինք ցրտից, քանի որ մեքենան ժամում կես մետր էր շարժվում: Մեզ մոտ գտնվող բեռնատարում մի ծեր մարդ մահացավ։
Շինարարական վերամբարձ կռունկը, որում նստած էին երեք հոգի, ընկավ մարդկանցով լի մեքենայի վրա, բարեբախտաբար ոչ ոք չմահացավ։ Կային մարդիկ, ովքեր լքեցին իրենց մեքենաները։ Մեր հացն ու ջուրը վերջացել էին՝ դեռ չմթնած։ Մենք սոված էինք և ծարավ։ Պապիկը տրակտորում իր հետ ջուր և ուտելիք ուներ, բայց մենք չկարողացանք հասնել նրան, նա էլ չկարողացավ գտնել մեզ այդ խելագարության մեջ: Ցուրտը, սովը, ծարավը... կիսամեռ էինք, երբ հասանք սահմանին»։
Այսօր Հայաստանում Ագնեսան և նրա քույրերը խոսում են իրենց հայրենի գյուղի, կարտոֆիլով և այլ ապրանքներով լի նկուղի, իրենց հավերի, բադերի և սագերի մասին: Ի տարբերություն Ստեփանակերտի իրենց ընկերների, նրանք սոված չեն մնացել շրջափակման ժամանակ։ Բայց նրանց ընտանիքը թողել է ամեն ինչ։
«Ես չգիտեմ, թե ինչ ենք անելու։ Եթե կարողանայինք վերադառնալ մեր իրերը, մեր թռչունները վերցնելու համար... Բայց ինչպե՞ս կարող ենք դա անել: Ո՞վ է երաշխավորելու մեր անվտանգությունը։ Եթե այնտեղ ապահով լիներ մեզ համար, մենք երբեք չէինք թողնի մեր տունը»,-ասում է Ագնեսան։
Հարակից հրապարակումներ`
- «Կլուբի դուռ, պատուհան ջարդեցին, դագաղներ սարքեցին»․ Արցախցի այրու հիշողությունները
- Ամուսնուս դիահերձարանում էի փնտրում, բայց անծանոթ համարից զանգ ստացա. Արցախցի Էլինարի պատմությունը
- «Կյանքս մեկ պայուսակի մեջ»․ արցախցի տարեցները Երևանի տուն-ինտերնատում
- Հենց անցանք Հակարիի կամուրջը, սաղիս մոտ էն տպավորությունն էր, որ վերածնվեցինք. Արցախից տեղահանված կին
- Արցախցի. Մանուշակը իր ճամպրուկում դժվար թե տեղավորեր իր բոլոր վերկանգնած վանքերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները