40 ժամ ղեկին անցկացրած 12-ամյա Կարենը որոշել է գտնել իր արցախցի ընկերներին
12-ամյա Կարենը, թվում է, ոչ թե դեռահաս է, այլ չափահաս, հայացքը խիստ է, հասուն։ Նա մեկն է այն պատանիներից, որ մեքենան ինքնուրույն վարելով Արցախից անվտանգ Հայաստան է հասցրել ընտանիքի անդամներին։
Նա շուրջ 40 ժամ եղել է ղեկին։ Ասում է՝ ինքն այդ ժամանակ միայն մտածում էր, որ ընտանիքին Արցախից անփորձանք դուրս բերի։
Մեքենա վարել Կարենին սովորեցրել են հայրն ու պապիկը, երբ նա ընդամենը 6 տարեկան էր։ Մշտապես կրակոցների տակ մեծացած երեխաներին հայրերը փորձել են պատրաստել, որ ցանկացած պահի տղաները կարողանան արագ կողմնորոշվել ու փրկել ոչ միայն իրենց, այլև ընտանիքին։
«Այնպիսի տեղ էինք ապրում, որ մեր երեխաներն ամեն ինչի պատրաստ էին։ Ամուսինս Կարենին մեքենա վարել սովորեցրեց նաև նման դեպքերի համար։ Արցախից դուրս ենք եկել երկու մեքենայով, մեկը վարել է ամուսինս, մյուսը՝ տղաս։ Հակարիի կամրջի անցակետում ադրբեջանական սահմանապահները մեքենայից իջեցրել են տղայիս, ստուգել բեռնախցիկը, որից հետո միայն շարունակել ենք ճանապարհը»,- Panorama.am-ի հետ զորւյցում ասում է Կարենի մայրը՝ Սուսաննա Աղաջանյանն ու հավելում, որ թեև տղան շատ ինքնավստահ էր վարում, բայց ամբողջ ճանապարհին ինքը տագնապի մեջ է եղել։
Պատմում է, որ սեպտեմբերի 19-ին եղել է դպրոցում, ծնողական ժողովի էր։ Երբ սկսում են ռմբակոծել, առաջին վայրկյաններին մտածում են, որ հերթական կրակոցներն են կամ մի տեղ արկ է պայթել։ Բայց դա ընդամենը վայրկյաններ է տևել․ բոլորի համար էլ պարզ էր, որ դրանք սովորական կրակոցներ չեն։ Մայրը սկսում է դպրոցում որդիներին փնտրել, փոքր տղային անմիջապես տեսնում է և ասում, որ վազի հայրիկի մոտ մինչև մեծ տղային էլ գտնի։
«Կարենին չէի կարողանում գտնել, խուճապի էի մատնվել։ Դպրոցի բակում կանգնած էի ու մեկ էլ տեսնեմ մեկը երկրորդ հարկից ներքև թռավ։ Կարենն էր»,- ասում է Սուսաննան։
Նրանք օրեր շարունակ եղել են ապաստարանում, իսկ երբ արդեն պարզ է դառնում, որ պետք է տեղահանվեն իրենց ծննդավայրից, առանց որևէ իր վերցնելու անմիջապես դուրս են գալիս Ասկերանից։ Նրանց հետ եղել են նաև ամուսնու քույրերի ընտանիքները։
Մեծ դժվարությամբ ընտանիքը հասել է Գորիս։ Արցախից բռնի տեղահանվելուց հետո Աղաջանյանները ժամանակավոր բնակություն են հաստատել Վեդիում։ Ապրում են վարձակալած բնակարանում, դեռ փորձում են հարմարվել նոր պայմաններին։
«Մեր մեծ տունը, խանութները թողել ենք թուրքին ու եկել, փորձում ենք այստեղ նոր կյանք սկսել, աշխատանք գտնել, տեսնենք ինչ կստացվի։ Շատ դժվար է, մեր միտքը դեռ Արցախում է»,- ասում է Սուսաննան։
Կարենն ու եղբայրը դպրոց են գնում, արդեն նոր ընկերներ ունեն։ Ասում են, որ իրենց դպրոցում շատ լավ են ընդունել։ Խոսելով ընկերներից Կարենը տխրում է՝ արդեն կարոտել է իր մանկության ընկերներին, որոնք բռնի տեղահանվելուց հետո ապրում են Հայաստանի տարբեր շրջաններում։ 12-ամյա տղան փորձում է գտնել ընկերներին ու նրանց հետ կապը երբեք չկորցնեն, որ միշտ հիշեն իրենց արցախյան կյանքի երջանիկ օրերը։