Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ բացասական կարծիք ունեցող դատավորին ինքնաբացարկ են հայտնել, որը մերժվել է. Լևոն Քոչարյանի պաշտպան
Նոր Նորքի դատարանում, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, այսօր կայացել է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկումը։ Պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել։
«Մասիս Մելքոնյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը՝ արձանագրելով, որ Ռոբերտ Քոչարյանը իր համար արժեք է և ինքը Լևոն Քոչարյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք չունի»,- գրել է Լ. Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
Դատական նիստի ընդմիջմանը պաշտպաններից Էլիկ Ալեքսանյանը լրագրողներին ասաց, որ դատավորին ներկայացրել էին ինքնաբացարկի միջնորդություն։
«Միջնորդության մեջ ընդգծվել է, որ դատարանը չի կարող օրինական հանդես գալ որպես այդպիսին, որի պատճառն այն է, որ դատավոր Մ.Մելքոնյանը նախկինում եղել է քաղաքական դերակատար ու բազմիցս իր բացասական վերաբերմունքն արտահայտել է Լևոն Քոչարյանի հայր Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, մասնավորապես դատապարտելով նրա գործողությունները, կայացրած որոշումները, արդյունքում նշելով, որ պարոն Քոչարյանը հենց դրա համար էլ պատժվեց։ Ենթադրվում է, որ այդ պատժված ասելով նկատի է ունեցել պարոն Քոչարյանի նկատմամբ հարուցված ապօրինի քրեական հետապնդումը։ Ինչու եմ ասում ապօրինի, քանի որ ՍԴ-ն դա, ըստ էության, արձանագրեց։
Ասում ենք՝ նման պայմաններում, եթե դուք ունեք բացասական վերաբերմունք երկրորդ նախագահի նկատմամբ, երրորդ անձի մոտ չես կարող երևալ անկողմնակալ իր որդու միջնորդության քննարկման շրջանակներում։ Նշվել են նաև փաստարկներ»,- ասաց պաշտպանը։
Նա նշեց, որ իրավաբանության հետ աղերս չունեցող երևույթներ են տեղի ունենում, պաշտպանության կողմի համար անհասկանալի են։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին, կալանավորվել է մեկ ամսով սեպտեմբերի 25-ին։ Սեպտեմբերի 22-ին բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Դեռ հիվանդանոցում, Քոչարյանին է հանձնվել ձերբակալման որոշումը, որից պարզ է դարձել, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել։
Հարակից հրապարակումներ`
- Գործ ունենք բացառապես քաղաքական մոտիվի հետ. Լևոն Քոչարյանի պաշտպան
- Լևոն Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննվի այսօր
- Լևոն Քոչարյանի գործով կատարվել են առերես հարցաքննություններ
- Դատավորն այնպիսի հիմնավորմամբ մերժեց մեր միջնորդությունը, որ գործնականում նման բան չեմ լսել. Լևոն Քոչարյանի պաշտպան
- Գործ ունենք ոչ թե քրեական վարույթի, այլ բացառիկ զավեշտի հետ. Լևոն Քոչարյանի պաշտպան
- Լևոն Քոչարյանի փաստաբան Ալեքսանյանը հոկտեմբերի 12-ին ասուլիս կտա
- Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը մակագրվել է Մհեր Արղամանյանին․ փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան