Գործ ունենք բացառապես քաղաքական մոտիվի հետ. Լևոն Քոչարյանի պաշտպան
«Այս քրեական վարույթը պետք է ընդհանրապես գոյություն չունենար, բայց հակառակ պատկերն է, ցանկանում են երկարաձգել Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը»,- Նոր Նորքի դատարանում, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկումից առաջ լրագրողներին ասաց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Ըստ նրա, սա խոսում է իրավական նիհիլիզմի մասին. «Սա իրավական բեսպրեդել է, որը մենք Հայաստանում տարբեր քրեական գործերով արդեն իսկ տեսել ենք, իսկ Լևոն Քոչարյանի վարույթը բացառություն չէ»։
Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ գործ ունեն բացառապես քաղաքական մոտիվի հետ, սա արտաիրավական քրեական հետապնդում է։
«Դատավոր Մասիս Մելքոնյանը չի կարող լինել, երևալ անաչառ դատարան՝ պայմանավորված իր քաղաքական գործունեությամբ, իր քաղաքական թիմի ղեկավարի բացառիկ ատելությամբ՝ ուղղված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին, կալանավորվել է մեկ ամսով սեպտեմբերի 25-ին։ Սեպտեմբերի 22-ին բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Դեռ հիվանդանոցում, Քոչարյանին է հանձնվել ձերբակալման որոշումը, որից պարզ է դարձել, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել։