ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է Աշոտ Մելքոնյանը
Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Աղասու Մելքոնյանը։ Այս մասին տեղեկացնում են ԳԱԱ-ից։
Աշոտ Մելքոնյանը ծնվել է 1961 թվականին՝ Ախալքալաք քաղաքում։ 1977-1982 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1982-1985 թվականներին եղել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ: 1989 թվականին պաշտպանել է թեկնածուական, 2002 թվականին՝ դոկտորական ատենախոսություններ:
Աշոտ Մելքոնյանը 1986 թվականին աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում։ Եղել է գիտաշխատող, գիտական քարտուղար, փոխտնօրեն, իսկ 2002 թվականից՝ ինստիտուտի տնօրեն: 2004 թվականին նա ստացել է պրոֆեսորի կոչում, 2006 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 2014 թվականին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Նա հեղինակ է 474 գիտական աշխատության, այդ թվում՝ 19 գրքերի, որոնք լույս են տեսել 10 լեզուներով աշխարհի 15 երկրներում: Ակադեմիկոս Մելքոնյանն արժանացել է «Մովսես Խորենացի», «Վաչագան Բարեպաշտ», ԵՊՀ ոսկե մեդալների և տասնյակ այլ պարգևների:
Աշոտ Մելքոնյանը նշել է, որ հայոց պատմության նոր ակադեմիական հրատարակության 8 գրքերից 6-ն անվճար տրամադրվել են գրադարաններին, զորամասերին և դպրոցներին։
«Ինչպես բազմահատորյակի, այնպես էլ մնացած աշխատությունների ստեղծման հարցում առաջնորդվել ենք բացառապես անաչառ պատմություն գրելու հրամայականով՝ քաղաքական կոնյուկտուրայից զերծ», - ասել է Աշոտ Մելքոնյանը։
Որպես կարևոր ձեռքբերում՝ նա շեշտել է ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի դերակատարությունը։
«Ի պատասխան մեր նամակի՝ ԱՄՆ կոնգրեսը հայտնել էր, որ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ինստիտուտի դիմումը որոշակի նշանակություն է ունեցել կոնգրեսականների ճիշտ կողմնորոշվելու խնդրում», - ասել Աշոտ Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան