Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը Փարիզում և Ստրասբուրգում կներկայացնի «Դիմակահանդես» բալետը
Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի կապակցությամբ հոկտեմբերի 26-ին և 27-ին Փարիզի կոնգրեսների պալատի մեծ համերգասրահում և հոկտեմբերի 29-ին Ստրասբուրգի Զենիթ Եվրոպա համալիրում, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը։
Ներկայացման բեմադրությունն իրականացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, բեմանկարիչն է՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը, բեմադրող դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը:
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, համերգի հասույթը կուղղվի՝ ի նպաստ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրականացվող ծրագրերին։
Համերգը կկայանա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության բարեկամների միության և «Franceconcert» ընկերության հետ համագործակցաբար։
1941թ․ Արամ Խաչատրյանը ռուսական դասական երաժշտության ավանդույթներով գրել է երաժշտություն Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի, իսկ 1954թ. Բ. Լավրենյովի «Լերմոնտով» դրամայի բեմադրությունների համար:
1982թ. կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, այդ երկու դրամաների երաժշտությունը խմբագրելով, ստեղծել է «Դիմակահանդես» բալետի պարտիտուրը՝ հիմնված Ա․ Խաչատրյանի երաժշտության վրա և ներառելով հատվածներ կոմպոզիտորի այլ ստեղծագործություններից։ 1982թ․ բալետը բեմադրվել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին