Անհասանելի թվացող երազանքն իրականություն է դարձել
Նախօրիեն մեկնարկել է Երևանյան միջազգային թատերական առաջին փառատոնը։ Փառատոնի կազմակերպիչն է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: Փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստան են ժամանում այնպիսի հռչակավոր թատրոններ, ինչպիսիք են՝ փարիզյան Օդեոնը, Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնը։ Փառատոնը հյուրընկալելու է թատրոններ ԱՄՆ-ից, Լեհաստանից, Վրաստանից և, իհարկե, Հայաստանից։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն ասուլիսում ասաց, որ մեկուկես տարվա քննարկումներից հետո իրենց երազանքն իրականություն է դառնում. հոկտեմբերի 22-ին Հայաստանում առաջին անգամ հանդես կգա փարիզյան Օդեոն - Եվրոպայի թատրոնը «Ուրախության օրեր» ներկայացմամբ։ Խոսքը նորվեգացի դրամատուրգ Առնե Լյուգրեի ստեղծագործության մասին է՝ հայտնի թատերական ռեժիսոր և բեմադրիչ, թատրոնի տնօրեն Ստեֆան Բրոնշվեյգի բեմադրությամբ։
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Երևան է հրավիրել շատ հայտնի թատրոն՝ մասնակցելու Երևանյան միջազգային թատրեական փառատոնին, հանրությանը ներկայացնելու իր նոր «Ուրախության օրեր» բեմադրությունը։
Այդ նախագիծը գալիս է մի հանդիպումից, որը տեղի է ունեցել մոտավորապես 1,5 տարի առաջ, երբ հանդիպել են Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ու Ստեֆան Բրոնշվեյգը։ Խոսել են ու որոշել, որ Հայաստանում ֆրանսիական թատրոնը ներկայացումով հանդես գա։ Դրա համար ևս մեկ անգամ ուզում եմ ասել՝ մեր երազանքն իրականացավ»,- ասաց Գիյոմ Նարժոլեն։
Նա ընդգծեց, որ սա Երևանի, Հայաստանի համար շատ կարևոր իրադարձություն է, առաջին փառատոն և առաջին անգամ Ֆրանսիայի, Եվրոպայի շատ հայտնի թատրոն գալիս է Հայաստան՝ ցուցադրելու նոր ներկայացում։
Նրա ներկայացմամբ, Օդեոն-Եվրոպայի թատրոնը Ֆրանսիայի հինգ ազգային թատրոններից մեկն է, որը հայտնի է իր բազմազան ու բարձրորակ ծրագրերով ոչ միայն Ֆրանսիայում, նաև Եվրոպայում ու ողջ աշխարհում, հիմա նաև Հայաստանում։
Գիյոմ Նարժոլեն ուրախությամբ փաստեց, որ այս նախագիծն իրենց և Սունդուկյանի անվան թատրոնի համագործակցության արդյունքն է, վստահ է, որ առաջիկայում միասին տարբեր ծրագրեր են իրականացրելու։
Ասուլիսին ներկա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նույնպես հույս հայտնեց, որ այս համագործակցությունը կշարունակվի։
«Իհարկե, մեզ համար երազանք էր, մի փոքր նույնիսկ անհասանելի՝ փարիզյան, ընդհանրապես եվրոպական առաջատար թատրոն հրավիրել անմիջապես առաջին փառատոնին։ Սա պատմական իրադարձություն է, պատմություն հայ թատրոնի համար և շատ հարուստ մի էջ ենք բացում սրանով»,- ասաց նա։
Վ.Մկրտչյանի խոսքով, պետք է բացել դռներն աշխարհի լավագույն ռեժիսորների առաջ, փորձել նրանց բերել Հայաստան, ավելի մոտիկից ծանոթանալ այդ մտածողություններին, աշխատել նրանց հետ։
«Ուրախության օրեր» ներկայացումը հայտնի ժամանակակից դրամատուրգ Առնե Լյուգրեի պիեսի հիման վրա ստեղծված թատերական մի փորձ է՝ տոգորված հուզական ու նրբագեղ բազում ակնթարթներով, Ստեֆան Բրոնշվեյգի փայլուն ու հղկված մատուցմամբ։ Այս ստեղծագործությունը հույսի մի շող է երբեմն մռայլ ու տխուր աշխարհում, որտեղ երկյուղների հիմքում մարդկային հարաբերություններն են։
Ասուլիսում ներկայացվեց Փարիզի Օդեոն - Եվրոպայի թատրոնի տնօրեն Ստեֆան Բրոնշվեյգ տեսաուղերձը, ով օրերս կգա Հայաստան, որտեղ նա նշում է, որ ներկայացման վերնագիրը կարող է մի փոքր պարադոքսալ թվալ. շուրջբոլորը ողբեգություններ են, սուգ, տները կորցրած ու անհետ կորած մարդիկ և այս ներկայացումը հենց դժվարությունները հաղթահարելու մասին է։
«Մեր կյանքի անկայունությունների, մարդկային հարաբերությունների մասին է։ Հուսով եմ, որ այն մեծապես կհուզի հայ հանդիսատեսին»,- ասում է ռեժիսորը։