Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան՝ Հունգարիայի պետական օպերայի թատրոնում
Այս տարի հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-րդ հոբելյանը տոնվում է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում։
Հոկտեմբերի 14-ին Բուդապեշտում՝ Հունգարիայի պետական օպերայի թատրոնում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի «Սպարտակ» օպերայի ցուցադրության պրեմիերան՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակին։ Պրեմիերային հրավիրված էր Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, տեղեկանում ենք Հունգարիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից։
Բալետի աշխարհի լավագույն գոհարներից մեկը՝ «Սպարտակ»-ը ներկայացվել է աշխարհահռչակ հունգարացի խորեոգրաֆ Լասլո Շերեգիի դեռևս տարիներ առաջ մշակած բեմադրությամբ։ Այս բեմադրությունը տասնյակ տարիներ շրջել է աշխարհի տարբեր բեմահարթակներում՝ արժանանալով բալետի սիրահարների բարձր գնահատանքին և հիացմունքին, և այս տարի մեծանուն կոմպոզիտորի 120-ամյակի կապակցությամբ այն մեծ շուքով վերադարձավ իր ծննդավայր։
«Սպարտակ» բալետի ցուցադրությունը Բուդապեշտի օպերայի շենքում կշարունակվի մինչև հոկտեմբերի 22-ը՝ գրեթե ամենօրյա ցուցադրությամբ։