Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է Վիկտոր Կատվալյանը
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Վիկտոր Լիպարիտի Կատվալյանը։
Վիկտոր Կատվալյանը ծնվել է 1961 թվականին՝ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում։ 1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1984-1987 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում, իսկ 1987 թվականին աշխատանքի է անցել ինստիտուտում։
1991 թվականին նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հնչյունների համակցական փոփոխությունները ժամանակակից հայերենում» թեմայով։ 1993 թվականից դասախոսում է Գավառի պետական համալսարանում: 1998-2004 թվականներին եղել է նույն համալսարանի Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, 2004-2012 թվականներին՝ Բանասիրական ֆակուլտետի դեկան: 2011 թվից դասավանդում է նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2012 թվականից ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենն է։ 2017 թվականին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Բայազետի բարբառը և նրա լեզվական առնչությունները շրջակա բարբառների հետ» թեմայով: Վիկտոր Կատվալյանի գիտական հետաքրքրությունները վերաբերում են բարբառագիտությանը, հայոց լեզվի պատմությանը, ժամանակակից հայերենին, ընդհանուր լեզվաբանությանը, բառարանագրությանը, արևմտահայերենի և արդի լեզվաքաղաքականության խնդիրներին: Նա հեղինակ է 14 մենագրությունների և շուրջ 90 հոդվածների:
Վիկտոր Կատվալյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գործունեությունը, ինչպես նաև նշել է, որ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում՝ ծավալելու հետազոտություններ հոգելեզվաբանության, նյարդալեզվաբանության ուղղություններով:
Վերջերս բացված փորձառական հնչյունաբանության լաբորատորիան նորագույն տեխնոլոգիաների օգտագործման հնարավորություններով լավ հեռանկարներ է բացում հայերենի բոլոր կարգի դրսևորումների փորձառական հետազոտությունների համար։ Կարևորվում է հայերենագիտության ոլորտում ինստիտուտի ձեռքբերումները միջազգայնացնելու նպատակով օտարալեզու հրապարակումների ավելացումը, հասարակության մեջ լեզվական ճիշտ պատկերացումների ձևավորումը, երիտասարդ գիտնականների պատրաստման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան