ԼՂ-ում մնացած որոշ մարդիկ փոխադրամիջոց են խնդրում՝ հեռանալու համար. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով թե ինչպես են իրականացվում Արցախի Հանրապետությունում մնացած սակավաթիվ բնակիչների որոնումները՝ նրանց օգնելու համար։ Որոնողական աշխատանքների արդյունքում նոր անձանց են գտնում:
«Քիչ թվով մարդիկ մնում են իրենց տներում կա՛մ իրենց ընտրությամբ, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել հեռանալ: Ոմանց անհրաժեշտ է բժշկական օգնություն, սնունդ և ջուր: Մյուսները օգնություն են խնդրում հարազատների հետ կապ հաստատելու կամ էլ հեռանալու համար փոխադրամիջոց ստանալու նպատակով։
Տները, խանութներն ու գրասենյակները մնացել են լքված, իսկ փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ շներ ու կատուներ»,- հայտնել են ԿԽՄԿ-ից:
Նշվում է, որ ԿԽՄԿ-ի թիմին մոտեցել է մի տղամարդ, ով ապրում է իր 92-ամյա հոր հետ շատ հեռավոր լեռնային համայնքում: Նա տեղյակ չէր, որ այդքան մարդ լքել է շրջանը, քանի որ նա մի քանի շաբաթ է տարածքը հոսանքազրկված է, առանց հեռուստացույցի կամ ռադիոյի է։
«Հեռվից տեսա, որ եկել եք։ Գնում էի ջուր հավաքելու և տեսա, որ դուք այնտեղ եք։ Երբ մարդիկ փախչում էին, ես չէի կարող հեռանալ հորս հետ, քանի որ նա շատ ծեր մարդ է։ Փառք Աստծո, որ եկաք, տեսանք, տեղեկություն ստացանք, թե ինչ է կատարվում այս պահին»,- ԿԽՄԿ թիմի հետ զրույցում ասել է Ահարոն Ղազարյանը։