Իսրայելում վիճակը գնալով վատանում է, Հայաստան վերադառնալ ցանկացողներ կան. Արտյոմ Չերնամորյան
«Իսրայելում վիճակը գնալով վատանում է։ Հրթիռահարումները շարունակվում են։ Այս պահին որևէ դրական փոփոխություն չկա», -Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պետահ-Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելի հայերը» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։
Նա նշեց, որ երեկ երկրի կենտրոնը կրկին հրթիռահարվեց. «Կենտրոնական շրջաններում համեմատաբար հանգիստ է, բայց օրական 3-4 անգամ օդային տագնապի ազդանշան է տրվում, անընդհատ մոտդ վախ կա, գիշերն արթնանում ես՝ մտավախություն ունենալով, որ կարող է տագնապ լինել»։
«Եթե ցամաքային օպերացիա սկսվի, չգիտեմ մենք ինչ ենք անելու։ Եթե ՀԱՄԱՍ-ին միանա Հեզբոլլահը, այդ ժամանակ Իսրայելում որևէ ազատ տեղ չի լինի, որ մտնես, պատսպարվես, քեզ չսպանեն»,- ասաց Արտյոմ Չերնամորյանը։
Հիշեցնենք, որ Իսրայելի տարածքում ապրում է 10 հազար հայ։ Իսրայելի այն շրջանները, որոնք հրթիռակոծվում են ՀԱՄԱՍ խմբավորման կողմից, ապրում է 3500 հայ։ Իսրայելի հարավային շրջաններում, որտեղ ամենածանր վիճակն է, ապրում է մոտ 500 հայ։
Արտյոմ Չերնամորյանը հայտնեց, որ հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ չկան, այլապես իրենք կիմանային։
Հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության կողմից կազմակերպված Թել Ավիվ - Երևան հատուկ չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվել թվով 149 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ: Նախնական տվյալներով մեկնելու ցանկություն հայտնել էր 190 անձ, իսկ չվերթին ներկայացել և մեկնել է 149-ը:
Հարցին՝ եթե վիճակը ծանր է, ինչո՞ւ ավելի մեծ թվով հայեր չլքեցին Իսրայելը, նա պատասխանեց. «Խնդիրն այն է, որ Իսրայելում հայտարարվեց իբր զինադադար է լինելու, բայց արաբների զինադադարը՝ ոնց որ ադրբեջանցիների զինադադարը, էլի»։
Արտյոմ Չերնամորյանն ասաց, որ այս պահին նոր չվերթի մասին տեղեկություն չկա, դեսպանատունը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, որևէ մեկը ցուցակներ չի կազմում։
«Բայց ես արդեն ունեմ նոր դիմումներ։ 10 հոգի դիմել է, ցանկանում են հեռանալ Իսրայելից։ Մեր կազմակերպությունը պաշտոնապես չի հայտարարել, որ գրանցում է տվյալներ, ովքեր ցանկանում են հեռանալ Իսրայելի Հայաստան, բայց կան մարդիկ, ովքեր զանգում են, որ գրանցեմ։ Դիմողները հիմնականում մայրիկներ են իրենց երեխաների հետ»,- նշեց նա։
«Նաիրի» միության նախագահի խոսքով, Իսրայելում այսօր շատերը գործազուրկ են, հիմնականում սպասարկման ոլորտն է աշխատում։
«Ես աշխատում եմ զբոսաշրջության ոլորտում։ Լավ աշխատանք ունեմ, սակայն հիմա Իսրայելում զբոսաշրջիկ չկա, ինձ ստիպողաբար ուղարկել են արձակուրդի։ Ո՞վ է ինձ վճարելու, ինչպե՞ս եմ ես ապրելու... Հարցեր են, որոնք հուզում են Իսրայելի բոլոր քաղաքացիներին։ Այս երկրի քաղաքականությունն այն է, որ եթե պատերազմ է հայտարարվում, պարտավոր են ողջ բնակչությանը պահել տանը ու նվազագույն նպաստով ապահովել։ Նման բան եղել է 50 տարի առաջ։ Հիմա էլ պետք է որ լինի։ Բոլորս վարկեր ունենք»,- ասաց Արտյոմ Չերնամորյանը։
Հիշեցնենք, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը, որը սկսվել է հոկտեմբերի 7-ի առավոտյան՝ պաղեստինցի գրոհայինների կողմից իսրայելական տարածքների վրա հարձակմամբ, շարունակվում է արդեն 13 օր։ Վերջին տվյալներով, այս ընթացքում Իսրայելում մահացել է 1,4 հազար մարդ, Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը։
Հարակից հրապարակումներ`
- Հաղթանակի համար Իսրայելից ամիսներ կպահանջվեն․ Բենի Գանց
- Իսրայելից Հայաստան է տեղափոխվել թվով 149 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ
- Իսրայելից Երևան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող ինքնաթիռն արդեն մեկնել է Թել-Ավիվ
- Օտարերկրյա քաղաքացիներն ու դիվանագետները տարհանվում են Իսրայելից
- Իսրայելում ցուցարարները պահանջում էին վարչապետ Նեթանյահուի հրաժարականը
- ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելում զոհված ռուսների թիվն աճում է
- Իսրայելում տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
- Ինչ վիճակում են Իսրայելում ապրող հայերը. Ներկայացնում է Արտյոմ Չերնամորյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան