«Հրապարակ». Երևանի փոխքաղաքապետին մեղադրանք է առաջադրվեl
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանին առաջադրված մեղադրանքի քննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրանքը կապված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում գնման գործընթացի հետ, երբ նա զբաղեցնում էր ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնը և պատասխանատու էր գնման գործընթացի համար։
Կառավարությունը, ըստ մեղադրանքի, նախարարությանը հատկացրել է 2 միլիարդ 380 մլն դրամ, ապա՝ հավելյալ 270 մլն դրամ՝ տուն-ինտերնատի տարեցներին և այլ անապահովներին բնակարաններով ապահովելու համար։ Ենթադրվում է, որ Մաչյանն այս գործընթացում է լիազորությունները չարաշահել։
Նույն գործով որպես մեղադրյալներ անցնում են նաև նախարարության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Պետրոսյանը, նույն բաժնի նախկին պետ Կարեն Բաբախանյանը, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող նախկին խորհրդական Էդուարդ Ստեփանյանը, «Լեքսհաբ» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցություն ունեցող բաժնետեր և տնօրեն Պավել Թադևոսյանը և վերջինիս մորաքրոջ որդի Գևորգ Մարկոսյանը, ով մեղադրվում է նախարարության միջոցներից 16 մլն 980 հազար դրամ հափշտակելու մեջ։
Գործը դատարան է մտել 3 օր առաջ՝ հոկտեմբերի 16-ին։ Սակայն ուշագրավ է, որ մեղադրյալի կարգավիճակում գտնվող Մաչյանը շարունակում է պաշտոնավարել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում