Իսրայելը հայտարարել է Լիբանանի հետ սահմանին գտնվող քաղաքի բնակչության տարհանման մասին
Իսրայելի պաշտպանության նախարարությունը և պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել են երկրի հյուսիսում՝ Լիբանանի հետ սահմանի մոտ, Կիրյաթ Շմոնա քաղաքի բնակիչների տարհանման մասին: Երկու գերատեսչությունների համապատասխան համատեղ հայտարարությունը տարածել է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Կիրյաթ Շմոնա հյուսիսային քաղաքի բնակիչներին կտեղափոխեն պետության կողմից սուբսիդավորվող հյուրատներ:
Փաստաթղթում նշվում է, որ «տարհանման պլանը հաստատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտը»:
«Որոշ ժամանակ առաջ Հյուսիսային հրամանատարությունը (ՑԱԽԱԼ) իր որոշման մասին տեղեկացրել է [Կիրյաթ Շմոնի] քաղաքապետին։ Ծրագիրը կիրականացնեն տեղական իշխանությունները, զբոսաշրջության նախարարություն ու պաշտպանության նախարարությունը»,- նշել են բանակային մամուլի ծառայությունում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբներով հրթիռային հարձակման է ենթարկվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հայտարարած «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության շրջանակներում: Բացի այդ, զանգվածային հրթիռային հարվածներից հետո կազմակերպության զինյալները ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «երկաթե թրեր» գործողությունը ՀԱՄԱՍ-ի դեմ:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը՝ 1000-ը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: