Իրավիճակը կրկին լարված է Արցախի ներկայացուցչությունում
Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիների մի քանի հարցերին պատասխանելուց հետո Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մտավ շենք։ Իրավիճակը լարվեց։ Ակցիայի մասնակիցներից մի քանիսը, ճեղքելով ոստիկանական պատը, նրա հետևից փորձեցին մտնել շենք: Ոստիկանները փակել են շենքի մուտքն ու կանգնել դռան դիմաց։ Շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել։
Հիշեցնենք, որ առավոտից մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով հանդիպում Սամվել Շահրամանյանի հետ՝ իրենց հուզող հարցերի պատասխանը ստանալու համար։
Նրանք նախ անցան ոստիկաններին ու մուտք գործեցին շենք։ Դրանից հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս եկավ՝ հանդիպելու նրանց հետ։ Առաջարկեց 20-30 հոգով հանդիպել դահլիճում ու պատասխանել հարցերին, սակայն դա դժգոհություն առաջացրեց։ Դրանից հետո նա պատասխանեց մեկ-երկու հարցի։ Սակայն անընդհատ նրան ընդհատում էին, որից հետո նա կրկին ներս մտավ շենք։